Գործադիրը հավանության է արժանացրել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխու­թյուններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերա­բերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռ­նությունը: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ՝ նշյալ օրենքն ընդունվել է 2002 թվականին: Օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունից և պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է նաև ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրին։

Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։

Օրենքում կատարված փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժևորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը։

Փոփոխություններ՝ խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը

Առանցքային է օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, այն է՝ որևէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող և քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, որը գրանցված է հարկային դաշտում և ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը։

Օրենքով սահմանվել է նաև «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, այն է՝ որևէ մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված և ստեղծագործական գործունեությամբ ֆիզիկական անձ: Տվյալ կազմակերպությունների ոչ ստեղծագործական անձնակազմը՝ տնօրեններ, տեխնիկական սպասարկողներ, հսկիչներ, հաշվապահներ, ադմինիստրատորներ, չեն հանդիսանում մշակութային գործունեությամբ զբաղվող անձինք։

Վերոնշյալ լրացումները միտված են խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը, որն իրականացվում է ԿԳՄՍՆ կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերի, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների կողմից կազմակերպվող միջոցառումներում վերոնշյալ ստեղծագործողներին ընդգրկելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի և հավասար մրցակցային դաշտի ձևավորման միջոցով:

Լրացումներ՝ պայմանավորված ՊՈԱԿ-ների ֆինանսավորման նոր մոդելի ներդրմամբ

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հրամայականով պայմանավորված՝ օրենքում կատարվել է համապատասխան լրացում: Ամրագրվել է, որ նորաստեղծ Մշակույթի զարգացման հիմնադրամը կոչված է ներդնելու թանգարանների արդյունավետ կառավարման, թատերահամերգային կազմակերպությունների առաջխաղացման մեխանիզմներ, ինչպես նաև իրականացնելու լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման, զարգացման հեռանկարային ծրագրերի ներկայացման և ՀՀ-ում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ:

Մեկ այլ լրացմամբ՝ ամրագրվել են ՀՀ կառավարության լիազորությունները ՊՈԱԿ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման, մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման, ինչպես նաև սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերի հաստատման, մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու վճարման կարգը և չափերը հաստատելու սկզբունքները:

«Պետական» անվանումը կշնորհվի միայն համապետական նշանակության կազմակերպություններին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով չեղարկվել են ՀՀ պատվավոր կոչումները, ուժը կորցրած է ճանաչվել օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը:

Միևնույն ժամանակ, «պետություն», «պետական» և «պետականություն» բառերի առավել արժևորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել «պետական» բառի օգտագործումը։ Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ «պետական» անվանումը կրող կազմակերպությունները ներկայում ունեն և՛ համապետական, և՛ մարզային, և՛ համայնքային նշանակություն, մինչդեռ «պետական» անվանումը պետք է շնորհվի համապետական նշանակության կազմակերպություններին։ Հետևաբար, պետք է կիրառվի տարբերակված մոտեցում։ Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ։ Առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունենք համապետական նշանակություն, «մարզային» անվանումը՝ մարզային նշանակություն և գործառույթներ իրականացնող կազմակերպություններին և «համայնքային» անվանումը՝ համայնքային գործունություն ծավալող և նշանակություն ունեցող կազմակերպություններին։

Մի շարք գործառույթներ վերապահվել են մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին

ԿԳՄՍ նախարարի հրամանով արդեն իսկ հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ՊՈԱԿ-ների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը, որի համատեքստում օրենքում կատարվել է լրացում: Դրա համաձայն՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների սակագների հաստատումը և աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացի իրականացումը վերապահվել են նշյալ կազմակերպություններին։

Օրենքի անցումային դրույթներով սահմանվել է, որ ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո պետք է ընդունվեն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտեր ու կանոնակարգեր, այդ թվում՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, սահմանվեն ՊՈԱԿ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները, մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման, աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը, հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականությունը: Անցումային դրույթներով նաև սահմանվել է, որ մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները կավարտվեն 2025 թվականի դեկտեմբերի 25-ին:

Այսպիսով՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը: