Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում այսօր տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արաքսիա Սվաջյանը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ:

Մարզադպրոցն ունի 8 հիմնական և 5 երկրորդական հարթակ։ 2021 թ. մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին ծանրամարտի նորակառույց մարզադպրոցի բացման առիթով և հույս հայտնել՝ ՀՀ կառավարությունը մեր օլիմպիական չեմպիոնների անունով նորանոր մարզադպրոցներ կառուցելու առիթներ կունենա. «Այս տարի օլիմպիական տարի է, և հույս ունեմ, որ մենք արդեն ավելի կկոնկրետացնենք, թե որտեղ ում անունով ինչ մարզադպրոց ենք կառուցելու: Իսկ անկախ դրանից՝ մարզադպրոցների, մարզական կենտրոնների, մարզադահլիճների կառուցումը եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն կառավարության համար: Ուզում եմ արձանագրենք՝ սա Հայաստանի զարգացման տեսլականի շատ կարևոր մաս է»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարզադպրոցների կառուցումը նախ խթանում է առողջ ապրելակերպը երեխանների, ինչպես նաև մեծահասակների շրջանում: Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանի դրոշը բարձրացրած և Հայաստանի օրհներգը հնչեցրած մարզիկներն իրենց պետք է գնահատված զգան:

Հաջորդաբար ՀՀ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի կրթական հաստատություններ, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Ուսումնական հաստատություններ կատարած այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, այցելել է Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ: 2022 թ. ապրիլի 27-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը 296.4 մլն դրամ է։ Կառավարության ղեկավարն այցելել է նաև Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճ: 2022 թ. ապրիլի 25-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 203 մլն դրամ է։

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի նորակառույց մոդուլային մանկապարտեզում, որտեղ նա ծանոթացել է իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար: 2021 թ. հունիսի 29-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 500 մլն դրամ է:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման համար հատկացվել է 332 մլն դրամ, Արմավիր համայնքի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում՝ շինաշխատանքների ծավալը գնահատվել է 311 մլն դրամ, Խոյ համայնքի Արագած բնակավայրի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման համար հատկացվել է 381.5 մլն դրամ է, ինչպես նաև Շահումյան բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման աշխատանքները գնահատվել են 154.5 մլն դրամ:

Վարչապետը շրջել է մարզադահլիճներում և ծանոթացել նախկինում արձանագրված թերությունների վերացման աշխատանքներին: