ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին և գիտաժողովին:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ելույթներ՝ ուղղված ուսուցիչների դերին, քաղաքականության և մասնագիտական զարգացման պայմաններին առնչվող տարատեսակ մարտահրավերներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը աշխատաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը ներկայացրել է ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ հանրակրության պետական չափորոշչի ներդրման գործընթացը, դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունը: Նա, մասնավորապես, անդրադարձել է ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր՝ փոփոխված համակարգին՝ կարևորելով յուրաքանչյուր ուսուցչի կարիքի վրա հիմնված վերապատրաստման և ատեստավորման գործընթացի կազմակերպումը:

Նրա խոսքով՝ հայաստանյան փորձը միջազգային գործընկերների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Ներկայացված զեկույցներն ու քննարկումները հնարավորություն են տվել ծանոթանալու տարբեր երկրներում ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված քաղաքականություններին, ուսուցիչների և դպրոցների տնօրենների մասնագիտական զարգացման վերաբերյալ հետազոտություններին: