Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Հայաստանում և վարկանիշային կլինի Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամեդ Ջալուդի, IWF գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի համատեղ մամուլի ասուլիսում:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամեդ Ջալուդի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ Երևանում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների քննարկման և ենթակառուցվածքների դիտարկման նպատակով:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է՝ առաջին անգամ Հայաստանում օլիմպիական մարզաձևից աշխարհի առաջնություն կանցկացվի:

«Միջազգային ֆեդերացիան Հայաստանին է վստահել աշխարհի առաջնության անցկացումը՝ հաշվի առնելով այն փորձը, որը մեր երկիրն ունի ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման արդյունքում: Վերջին տարիներին մենք նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառումների անցկացման պատմություն ունենք և մտադիր ենք շարունակել այս ավանդույթը, քանի որ այն լուրջ ազդեցություն ունի մարզական ոլորտի, ինչպես նաև տնտեսության զարգացման համար և ապահովում է Հայաստանի տեսանելիության բարձրացումն աշխարհում»,- ասել է Արայիկ Հարությունյանը և ընդգծել՝ 2027 թ. աշխարհի առաջնությունը հյուրընկալելը մեծ պատիվ և պատասխանատվություն է մեր երկրի համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային ֆեդերացիային շարունակական և արդյունավետ համագործակցության համար ու վստահություն է հայտնել, որ հայկական կողմից բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի աշխարհի առաջնությունը կազմակերպվի բարձր մակարդակով: Նախարարն ընդգծել է՝ բարձր պատասխանատվություն ու հանձնառություն է՝ պատշաճ մակարդակով կազմակերպել ու անցկացնել առաջնությունը, որը վարկանիշային է լինելու 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար:

«Եվրոպայի առաջնության կազմակերպումից հետո ինքներս մեզ համար բավականին բարձր նշաձող ենք սահմանել. այժմ մեր առջև խնդիր ունենք՝ պահել այդ նշաձողն ու փորձել ավելի բարձրացնել: Դրա համար պետք է մեծ աշխատանք տանել, որը պատրաստ ենք իրականացնել Կառավարության և մնացած բոլոր գործընկերներ կառույցների հետ: Ուզում եմ հիշեցնել, որ սպորտի հանդեպ պետության քաղաքականությունն ու ուշադրությունը շարունակական են», - նշել է նախարարը՝ ավելացնելով, որ 2018 թվականի համեմատ ավելի քան 5 անգամ ավելացել է սպորտի ֆինանսավորումը, նախորդ տարի 5 խոշոր մրցաշար է հյուրընկալվել մեր երկրում, իսկ մարզիկները նվաճել են ռեկորդային թվով՝ 445 մեդալ:

«Սա ցույց է տալիս, որ սպորտը մեր երկրում շարունակաբար զարգանում է, և այն ջանքերը, որ ներդնում ենք նաև միջազգային մրցաշարի հյուրընկալման և կազմակերպման առումով, թույլ են տալիս, որ մեր երկիրն իր կայուն տեղը գրավի միջազգային սպորտային քարտեզում», - հավելել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է, որ 2027 թվականին ևս մեկ խոշոր սպորտային իրադարձություն կհյուրընկալվի Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները պետք է ավելի մեծ ծավալով իրականացվեն:

Նախարարը մատնանշել է այն կարևոր փաստը, որ նման միջոցառումներից հետո երեխաների շրջանում ավելանում է սպորտով զբաղվելու հետաքրքրությունը. «Ամեն անգամ, երբ մեզ մոտ միջազգային խոշոր մրցաշար է անցկացվում, իսկ մեր մարզիկները հաջողություններ են գրանցում, մարզադպրոցներում ավելանում են սպորտով զբաղվող երեխաները: Սա այն կարևոր արդյունքն է, որին ուզում ենք հասնել»:

Նախարարն անդրադարձել է նաև կազմակերպչական հարցերում տարբեր գերատեսչությունների միջև համագործակցությանը. «Յուրաքանչյուր կառույց հստակ գիտի իր անելիքը և նման խոշոր միջոցառումների ժամանակ անհրաժեշտ աշխատանքի բոլոր մանրամասները: Միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպման ժամանակ մանրուքներ չկան: Մեզ մոտ միջգերատեսչական համագործակցությունն ու յուրաքանչյուրի կողմից իր անելիքների իրականացումն այն մակարդակի են, որ մենք մեծ վստահությամբ հայտեր ենք ներկայացնում նոր մրցաշարեր հյուրընկալելու համար»:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և արդյունավետ համագործակցության համար, ընդգծել է Երևանում կայանալիք աշխարհի առաջնության կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ 2027 թվականի մրցաշարը վարկանիշային է լինելու Օլիմպիական խաղերի համար:

«Հայաստանը միջազգային մրցաշարերի անցկացման լավ փորձ է կուտակել: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն է, որի կազմակերպման ու անցկացման առումով Հայաստանը շատ բարձր նշաձող է սահմանել: Վստահ եմ՝ 2027 թվականին ՀՀ կառավարության և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կկազմակերպենք լավագույն առաջնությունը: Հայաստանում ծանրամարտն ավանդական մարզաձև է, և ես մաղթում եմ, որ ձեր երկրի դրոշը ծածանվի Փարիզի Օլիմպիական խաղերում: Կարծում եմ՝ հատկապես գերծանր քաշային Վարազդատ Լալայանն ու 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալների համար պայքարելու իրատեսական հնարավորություն կունենան 2024 թ. ամառային Օլիմպիական խաղերում»,- նշել է IWF նախագահ Մուհամեդ Ջալուդը և հույս հայտնել՝ Լոս Անջելեսում կայանալիք 2028 թ. Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ կունենա նաև ծանրամարտի կանանց մրցումներում:

IWF նախագահի խոսքով՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նախատեսում են մի շարք այցելություններ ունենալ մարզական ենթակառուցվածքներ:

«Եվրոպայի նախորդ առաջնությունը լավագույններից էր նաև հյուրընկալության, տրանսպորտի, կեցության պայմանների, բացման արարողության և մի շարք այլ առումներով: Այն հնարավոր եղավ միայն ՀՀ կառավարության անգնահատելի աջակցության շնորհիվ: Սա Հայաստանի դեմքն ու ներկայանալիությունն էր: Կան երկրներ, որոնք միայն մրցումների կազմակերպմանն են ուշադրություն դարձնում: Վստահաբար՝ բոլորը խոսում էին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության բարձր մակարդակից և հյուրընկալության մշակույթից: Լիակատար վստահություն ենք տածում Հայաստանի հանդեպ»,- նշել է միջազգային ֆեդերացիայի նախագահը:

IWF գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն ևս շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել՝ Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հեղափոխական նշանակություն է ունեցել մարզաձևում խոշոր մրցաշարերի կազմակերպման առումով:

«Եվրոպայի առաջնության անցկացումը հեղափոխական նշանակություն ունեցավ ծանրամարտում: Կարծում եմ՝ այն եվրոպական լավագույն առաջնությունն էր վերջին 10 տարում և կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով: Սա նշանակում է՝ խոշոր միջոցառում կազմակերպելու Հայաստանի հնարավորություններն ու կարողությունները շատ մեծ են: Ուստի, սա նաև նոր մարտահրավեր կլինի ձեզ համար: Բոլորիս հետաքրքիր է, թե Հայաստանն այս անգամ ինչ է անելու: Մենք խոսում ենք հաջորդ օլիմպիական շրջափուլի լավագույն միջոցառման մասին: Հավատացած եմ՝ Հայաստանի հյուրընկալությունն ու մարդկանց ջերմությունը կնպաստեն աշխարհի առաջնության անցկացման բաձր մակարդակին»,- ասել է Անտոնիո Ուրսոն և տեղեկացրել՝ 2027 թվականի աշխարհի առաջնությանը 120 երկրի ավելի քան 600 ծանրորդներ կմասնակցեն:

Անտոնիո Ուրսոն տեղեկացրել է՝ նախորդ շաբաթ այցելել են Չինաստան, որտեղ անցկացվելու է 2026 թ. աշխարհի առաջնությունը. «Կազմկոմիտեի անդամներն ասացին, որ կուսումնասիրեն Հայաստանում անցկացված Եվրոպայի առաջնության փորձը՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք ամեն բան կազմակերպել: Սա լավագույնս ապացուցում է, թե որքան հրաշալի էր կազմակերպված Ծանրամարտի Եվրոպայի վերջին առաջնությունը Երևանում»:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն էլ հույս է հայտնել՝ 2027 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունում հայ ծանրորդները դարձյալ կկարողանան ուրախություն պարգևել մեր ժողովրդին՝ նվաճելով ամենաբարձր հարգի մեդալներ. «Եվրոպայի առաջնությունում հույս ունեի՝ մեր 10 ծանրորդներն էլ ոսկե մեդալներ կնվաճեն: Չստացվեց. միգուցե՝ աշխարհի առաջնության ժամանակ կարողանանք մոտենալ այդ թվին: Այնքան էինք լարվել և նախապատրաստվել, որ նույն տարում աշխարհի առաջնությունում ևս առաջին տեղը զբաղեցրեցինք՝ միավորների հաշվարկով: Հույսեր եմ կապում մեր տղաների հետ: Հուսով եմ՝ աշխարհի առաջնությանը ձեզ երջանկություն և ժպիտներ կպարգևենք»:

Հիշեցնենք՝ 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակում հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել են 36 մեդալ, որից 12-ը՝ ոսկե, 11-ը՝ արծաթե և 13-ը՝ բրոնզե: