ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թվականին մայրաքաղաքում և ՀՀ մարզերում կիրականացնի «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը:

Ծրագիրը միտված է մանկավարժների՝ ներառական դասավանդման հմտությունների զարգացմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, հավասար պայմաններում կրթության իրավունքի ապահովմանը:

Ապրիլի 8-12-ը ծրագիրն անցկացվել է ՀՀ Արագածոտնի մարզում: Դասընթացներն իրականացվել են Աշտարակ քաղաքում, Ուջան և Օշական համայնքներում՝ 40 մանկավարժի մասնակցությամբ:

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը ծրագիրն իրականացվել է ՀՀ Լոռու մարզում: Դասընթացներն անցկացվել են Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում, որոնց մասնակցել է մարզի շուրջ 40 մանկավարժ: Դասընթացի թեմաներն էին՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ երաժշտության խմբային պարապմունքների առանձնահատկությունները, երաժշտական ​​համույթը՝ որպես հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացման միջոց և այլն:

Ծրագրի շրջանակում մանկավարժները ծանոթացել են հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական բնութագրի վերլուծությանը, ծնող-երեխա հարաբերություններին, արվեստի դերակատարմանն այդ երեխաների կյանքում:

Ծրագրի ընթացքում մանկավարժները մասնակցել են տեսական և գործնական դասընթացների, ձեռք բերել գիտելիքներ՝ ներառական կրթության առանձնահատկությունների, իրավական դաշտի, շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, միջազգային փորձի և ներառական կրթության մեթոդաբանության վերաբերյալ: