ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ներկա է եղել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի հաշվետու համերգին:

Համերգի շրջանակում ներկայացվել են դպրոցի սաների և նվագախմբի անցած ճանապարհն ու ձեռքբերումները, իրականացված մեծածավալ աշխատանքները:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և կարևորել հաշվետու համերգների ձևաչափը. «Նմանատիպ համերգները հնարավորություն են տալիս հավատալու սեփական ուժերին, կատարելագործվելու և շարունակաբար զարգանալու, ինչպես նաև տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու»:

Համերգին ելույթ են ունեցել մենակատարներ, ինչպես նաև դպրոցի՝ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի, ամենամեծ մանկական փողային նվագախումբը: Հնչել են հայ և արտասահմանյան անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Նվագախմբը ղեկավարում է դպրոցի երկարամյա վաստակ ունեցող երաժիշտ, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Լալայանը:

Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի տնօրեն Նարինե Մեհրաբյանը նշել է, որ մինչ ուսումնական տարվա ավարտը դպրոցը կմասնակցի ևս 2 փառատոների և համատեղ համերգների:

Համերգի շրջանակում հանձնվել են պատվոգրեր և մեդալներ: