Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որին հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզասերներ:
Իսպանական «Բարսելոնա» և «Պալմա» թիմերի միջև կայացած եզրափակիչն ավարտվել է «Պալմայի»՝ 5:1 հաշվով գերվստահ հաղթանակով, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչմանը:
Մալյորկան ներկայացնող թիմի կազմում հանդես է եկել նաև Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը, որը եզրափակիչ սուլիչից հետո չեմպիոնությունը տոնել է՝ հայկական եռագույնն ուսերին:
Մինչ այդ էլ մրցաշարի երրորդ տեղի համար խաղում մրցել են պորտուգալական «Սպորտինգն» ու «Բենֆիկան»: Լարված ու դիտարժան խաղում «Բենֆիկան» 6:3 հաշվով հաղթանակ է տարել և արժանացել բրոնզե մեդալներին:
Մարզահամերգային համալիրում անցկացված եզրափակիչ խաղին ավելի քան 5 հազար հանդիսական է ներկա եղել, այդ թվում՝ մեծ թվով երկրպագուներ Պորտուգալիայից և Իսպանիայից:
Մրցաշարի պատշաճ անցկացմանն ու կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՈՒԵՖԱ) կողմից պարգևատրվել է հատուկ հուշանվերով: