Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացման գեղեցիկ արարողությամբ այսօր պաշտոնապես տրվել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի մեկնարկը:

Բացման արարողությանը հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՖՖ և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզասերներ:

Այնուհետև կայացել է առաջին կիսաեզրափակիչը «Բենֆիկայի» և «Պալմայի» միջև: Բավականին լարված ու հետաքրքրաշարժ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 4:4 հաշվով:

Ընդ որում, Մալյորկան ներկայացնող թիմի կազմում մեկ գնդակ հեղինակել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը: Լրացուցիչ ժամանակում ևս թիմերը չեն կարողացել պարզել հաղթողին: Արդյունքում, հաղթողը վճռվել է հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում, որում ավելի ուժեղ են գտնվել «Պալմայի» խաղացողները՝ 4:3:

Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում կատալոնական «Բարսելոնան» 5:4 հաշվով փայլուն հաղթանակ է տարել պորտուգալական «Սպորտինգի» նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ:

Մարզահամերգային համալիրում ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել:

Երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։