ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսանող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Վիետնամական կողմը հոգում է ուսման և կեցության հետ կապված հարցերը, տրամադրում ամսական կրթաթոշակ: Ուսումնառությունն իրականացվելու է վիետնամերենով: Վիետնամերենին չտիրապետողներն իրավունք են ստանում անցնել վիետնամերենի 1 (մեկ) տարվա նախապատրաստական դասընթաց: Վիետնամի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկին կարելի է ծանոթանալ կից նյութից:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվեն նախընտրած մասնագիտությունը և կրթական աստիճանը,
  2. վիետնամական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  3. ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի, ակադեմիական տեղեկանքի պատճենները` անգլերենով և նոտարական հաստատմամբ,
  4. բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության մասին, տրված ոչ շուտ, քան 6 ամիս առաջ,
  5. վիետնամերենի իմացության վկայական՝ նոտարական հաստատմամբ (առկայության դեպքում),
  6. ասպիրանտուրայի դիմորդների համար՝ հետազոտական աշխատանք, ինտերնատուրայի դիմորդների համար՝ գործնական պարապմունքների պլան,
  7. ասպիրանտուրայի դիմորդների համար՝ երկու երաշխավորագիր՝ տրված համապատասխան բնագավառի գիտնականների (դոկտորի գիտական աստիճան) կողմից,
  8. դիմորդի կարողությունների, փորձի, հետազոտական նվաճումների վերաբերյալ փաստաթղթեր՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում),
  9. անձնագրի պատճենը, որի ժամկետը վավեր է Վիետնամում ուսումնառության ընթացքում կամ առնվազն 1 տարի՝ Վիետնամ ժամանելուց հետո,
  10. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+2):

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 6-23-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ը, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ(+374 10) 599-646)։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ (+374 10) 599-646):

Ծանոթություն.

Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշումով:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: