Պարի միջազգային օրվա կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել համերգ՝ «Պարողների օրը պարողների համար» խորագրով:

Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Պարարվեստի ոլորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի շարք գործիչներ (ցանկը կցվում է) ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի նվիրյալներին մասնագիտական տոնի առթիվ, նշել է՝ պարը նաև աշխարհին նայելու գեղագիտական ձև է, որը հատկապես կարևոր է երեխաների կրթության և զարգացման համար: Նախարարը շեշտել է՝ Պարի միջազգային օրը ևս մեկ առիթ է ընդգծելու այն ամենօրյա մեծ աշխատանքը, որն արվում է պարարվեստի գործիչների կողմից:

«Ամեն օր դուրս գալ բեմ, ջերմություն ու տրամադրություն փոխանցել մարդկանց, իհարկե, մեծ շնորհ է, որը պետք է գնահատվի: Վստահ եմ՝ մեր երախտագիտության խոսքն ու փոքրիկ գնահատանքը ևս մեկ անգամ կարժևորեն ձեր վաստակը, ու կլինի ոգևորության առիթ՝ աշխատանքը շարունակելու և մեծ հաջողություններ գրանցելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Երեկոյին ելույթներով հանդես է եկել Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ հայկական և միջազգային պարեղանակների երաժշտական կատարումներով:

Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են եկել Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները, երգարվեստի ներկայացուցիչներ։

Համերգը կայացել է ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: