ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները ցանկում ընդգրկելու համար:

Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանի դրույթների:

Սահմանված կարգի համաձայն՝ իրականացվում է հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրություն: Ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը երաշխավորում է 3 տարի ժամկետով:

Կազմակերպությունը վերապատրաստում է իրականացնելու՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի՝ «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 648-Ա/2 հրամանով սահմանված պահանջների:

Ցանկում կազմակերպությունը և դասընթացը ընդգրկելու համար ներկայացվող չափանիշները

Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող`

1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ,

2) կրթության ոլորտում իրենց կանոնադրությամբ ամրագրած վերապատրաստումների իրավունք, ինչպես նաև փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետով սահմանված ուսուցչի կարողունակության 4 մակարդակներին (տարրական, ձեռնահասության, տիրապետման և փորձագետի) համապատասխան վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունը պետք է ունենա`

1) առկա վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (առնվազն 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,

2) վերապատրաստումը առկա, հեռավար կամ համակցված եղանակով (միաժամանակ և՛ առկա, և՛ հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր,

3) ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), վերապատրաստման եղանակին համապատասխան անհրաժեշտ ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ,

4) մանկավարժության տեսության, համապատասխան առարկայի դասավանդման մեթոդիկայի և պրակտիկայի հիմունքների, կամ ուսուցման ժամանակ տեխնոլոգիաների կիրառության, կամ ուսուցման ընթացքում ներառականության ապահովման կամ հանրակրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ ունեցող վերապատրաստող մասնագետներ, որոնք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված վերապատրաստումներն իրականացնելու համար պետք է ունենան.

ա. երկրորդ (ձեռնահասության) մակարդակի վերապատրաստման իրավունքի համար՝ բարձրագույն կրթություն՝ տվյալ առարկայի համապատասխան որակավորմամբ, և վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,

բ. երրորդ (տիրապետման) մակարդակի վերապատրաստման իրավունքի համար՝ բարձրագույն կրթություն՝ տվյալ առարկայի համապատասխան որակավորմամբ, վերապատրաստման ոլորտում և վերջին 6 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում և վերջին 3 տարվա ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) համար ընդունելի (այդ թվում՝ միջազգային) ամսագրերից մեկում տպագրված գիտական առնվազն մեկ հոդված,

գ. չորրորդ (փորձագիտական) մակարդակի վերապատրաստման իրավունքի համար՝ բարձրագույն կրթություն՝ տվյալ առարկայի համապատասխան որակավորմամբ, վերապատրաստման ոլորտում և վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում, առնվազն մեկ միջազգային վերապատրաստում իրականացնելու փորձ և վերջին 3 տարվա ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) համար ընդունելի (այդ թվում՝ միջազգային) ամսագրերից մեկում տպագրված գիտական առնվազն երկու հոդված, ինչպես նաև՝ գիտական աստիճան:

Կազմակերպությունը պարտավոր է՝

1) ուսուցիչներին ապահովել վերապատրաստման թեմատիկ, ուսումնական պլան-ծրագրերով, պարապմունքների ժամանակացույցով,

2) կատարել վերապատրաստումների պլանավորումը, իրականացումը՝ վերջնարդյունքների ապահովմամբ, և արդյունքների ամփոփումը, վերապատրաստվողի գիտելիքների և կարողությունների գնահատումը,

3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել և նախարարություն ներկայացնել ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:

Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել ցանկում, եթե`

1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմակերպման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,

2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:

Կազմակերպության համապատասխանությունը ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող չափանիշներին գնահատվում է նախարարության կողմից` սույն կարգի 13-22-րդ կետերի պահանջների համաձայն:

Ցանկում կարող են ընդգրկվել դասընթացներ, որոնք՝

1) ներկայացվում են սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպությունների կողմից,

2) համապատասխանում են ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կամ դրա բաժնի բովանդակությանը։

Վերապատրաստում իրականացնել ցանկացող կազմակերպությունը ներկայացնում է նախարարի կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, որը ներառում է`

1) դիմում,

2) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,

3) առկա վերապատրաստում իրականացնելու դեպքում անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),

4) վերապատրաստող մասնագետների թվի, կազմի, որակավորման և փորձառության վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկանքներ սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,

5) տեղեկանք և ցուցակներ առկա կամ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափին համապատասխան` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով կազմակերպության ապահովվածության վերաբերյալ,

6) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,

7) վերապատրաստման բովանդակությանը վերաբերող՝

ա. առարկան,

բ. վերապատրաստման բաժինը,

գ. վերապատրաստման մակարդակը,

դ. վերապատրաստման եղանակը:

Կազմակերպությունը կարող է դիմել տարբեր մակարդակների և առանձին մոդուլների վերապատրաստումներ իրականացնելու համար:

Կարգի 16-րդ կետում նշված հայտի հետ միասին կազմակերպությունը ներկայացնում է նախարարի կողմից հաստատված ուսուցչի վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված յուրաքանչյուր մակարդակին համապատասխան վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ: Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջական մոդուլի կամ բոլոր մակարդակների, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում է միայն տվյալ բաժինը կամ բաժինները՝ նշելով համապատասխան մակարդակները և ժամաքանակները:

Ուսուցչի մոտ առարկայական գիտելիքի կարիքի բացահայտման դեպքում վերապատրաստումն իրականացնում է ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի ծրագիրը պետք է երաշխավորվի նշված կարգի պահանջներին համապատասխան:

Դասընթացը երաշխավորելու համար կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպությունները ներկայացնում են նախարարի կողմից սահմանված ձևի հայտ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, որը ներառում է՝

1) նախարարի կողմից հաստատված՝ ուսուցչի վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին դասընթացի համապատասխանության հիմնավորում,

2) դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն),

3) դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում,

4) դասընթացը վարող մասնագետների վերաբերյալ տվյալներ։

Ներկայացված հայտում թերությունների առկայության դեպքում հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո նախարարության կողմից կազմակերպությանը գրավոր տեղեկացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտը լրամշակելու և նախարարություն ներկայացնելու մասին:

Հիշեցում՝

Կազմակերպությունն իր գործունեությունը պետք է իրականացնի Նախարարի սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշչին, ծրագրին /համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 7-ի N 346-Ա/2 հրամանով սահմանված պահանջների/ և կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման թեմատիկ պլանին համապատասխան:

Կարգի համաձայն՝ ցանկում ընդգրկված կազմակերպությունն ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան` պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումը:

Վերապատրաստում կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված մոդուլները հաստատվել են նախարարի կողմից:

Մրցույթին մասնակցելու համար պետք է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել /secretariat@escs.am/ հասցեին՝ միայն Word կամ PDF տարբերակով, յուրաքանչյուր մակարդակի մոդուլի համար առանձին փաթեթ կազմել և ներկայացնել մեկ ZIP/RAR ֆայլով՝ սկսած 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից: Հարցերի դեպքում զանգահարել 010-599-620 հեռախոսահամարին: