ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը։

Միջոցառումը շարունակվել է Գավառի կենտրոնական հրապարակում, որտեղ տաղավարային ցուցադրություններով ներկայացել են Գեղարքունիքի մարզի 5 համայնքները, Գավառ համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցողները, սննդի արտադրությամբ զբաղվողները։ Կազմակերպվել են վարպետաց դասեր (քյուֆթայի և փախլավայի պատրաստման), հեծանվավազք, մարզական ցուցադրական ելույթներ։

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ վարչապետի աշխատակազմը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը և Գավառի համայնքապետարանը։

Վարչապետ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի տարածքում գտնվող Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոց, որտեղ իրականացվում են տարածքի հնագիտական պեղումներ: