Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Հենացատկի վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։

Երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։

Հայաստանի ներկայացուցիչները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել նժույգ-թափեր վարժությունում: Մանուկյանը հաղթողի կոչմանն արժանացել է՝ եզրափակչում հավաքելով 14.500 միավոր, իսկ Խաչատրյանը 14,266 միավորով գրավել է երրորդ տեղը:

Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում Արթուր Ավետիսյանն օղակների վարժությունում գրավել է 4-րդ տեղը, իսկ 22-ամյա Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժությունում ցույց է տվել 9-րդ արդյունքը: