Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթ ի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանն ու Արթուր Մարտիրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, մարզասերներ:

Այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար: Ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:

10-12-րդ դասարանների պայքարում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցը, լավագույն եռյակը եզրափակել է Թեղուտի միջնակարգ դպրոցը: 5-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի թիմը, արծաթե մեդալներին արժանացել է Երևանի թիվ 104 հիմնական դպրոցը, պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը:

Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կստանան. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 1,500,000 դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ սեղանի թենիսի մրցաշարի վերապահումը միայն դպրոցականներին բոլորովին այլ էմոցիա և տրամադրություն է հաղորդել մրցաշարին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ մրցաշարը կարևոր է նաև ուսուցիչների աշխատանքն ընդգծելու առումով, քանի որ աշակերտների հաղթանակը նրանց աշխատանքի արդյունքն է:

«Այս մրցաշարերը շատ եմ կարևորում: Կարծում եմ՝ այս մրցաշարերն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինեն կրթության, դպրոցի հետ: Աստիճանաբար մենք մոտենում ենք այդ տրամադրությանը: Կարևոր է նաև այս ձևով առողջ ապրելակերպի քարոզը, ինչն ունի և՛ առողջապահական, և՛ կրթական, և՛ մեր երկրի մարզական ամբիցիաներն աջակցելու նպատակ»,- ասել է ՀՀ վարչապետն ու շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կազմակերպչական աշխատանքները պատշաճ իրականացնելու, իսկ Սեղանի թենիսի ֆեդերացիային՝ արդար մրցավարության համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այսօր անցկացվել է նաև խմբային փուլ, որպեսզի եզրափակիչ դուրս եկած թիմերը հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնեն: Մասնավորապես, յուրաքանչյուր թիմ նվազագույնը 4 հանդիպում է անցկացրել, իսկ հաղթողները միայն 7 հանդիպումից հետո են կարողացել նվաճել չեմպիոնի կոչումը:

Մրցաշարի ավարտին` պարգևատրման արարողությունից հետո, հնչել է ՀՀ պետական օրհներգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: