Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում մենամարտել է Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։

Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը քառորդ եզրափակչում պետք է մրցեր ռումինացի Անդրա Նիկոլետայի հետ, սակայն մենամարտը չի կայացել և հաղթանակը շնորհվել է հայ մարզուհուն:

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը՝ քառորդ եզրափակչում առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Զապլիտնիի նկատմամբ: Մեկնարկում հայ բռնցքամարտիկը մենամարտել էր Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել։