Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հաղթող է ճանաչվել Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,833 միավոր: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է վաստակել:

Աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթող է ճանաչվել նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։ Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 15,166 միավոր և ոսկե մեդալ նվաճել։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում գրավել էր 5-րդ տեղը, իսկ Հարություն Մերդինյանը 6-րդ արդյունքն էր ցույց տվել նժույգ-թափեր վարժությունում:

Վահագն Դավթյանը նվաճել է Հայաստանի 11-րդ օլիմպիական ուղեգիրը: Մարմնամարզիկներից ավելի վաղ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում իր մասնակցությունն ապահովել էր Արթուր Դավթյանը: