Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։

Հրատարակությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի և Սյունիքի մի շարք գավառների պատմամշակութային հուշարձանները։ Գիրքը հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։

Հիշեցնենք, որ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։ Նպատակն է տարածել ու հանրահռչակել հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս, չեզոքացնել պատմաիրավական խեղաթյուրումներն ու ապատեղեկատվությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքն ամբողջությամբ հիմնված է գիտական հենքի վրա։ Այստեղ ներկայացված են ոչ միայն պատմամշակութային հուշարձանները, այլև կարևոր ստուգաբանություններ տեղանունների վերաբերյալ։

Ծրագրի շրջանակում հրատարակված գրականությամբ համալրվում են աշխարհի առաջադեմ գրադարանների, մշակութային, հայագիտական կենտրոնների հայկական ֆոնդերը։