Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն էին՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:

Հուշարձանապահպանությունը՝ առաջնահերթություն

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում հուշարձանների պետական ցուցակը կազմվում է ՀՀ կառավարության որոշումներով՝ յուրաքանչյուր մարզի և Երևանի համար առանձին. դրանք ընդհանուր առմամբ 25000 են՝ ներառյալ նորահայտ հուշարձանները:

Հուշարձաններին հատկացվող ֆինանսական միջոցները տարեցտարի ավելացվում են, և ըստ այդմ՝ բազմապատկվում են հուշարձանների թե՛ ուսումնասիրման, թե՛ պահպանության, թե՛ վերականգնման ու ամրակայման աշխատանքները: «Այս ոլորտում բյուջեն վերջին տարիների համեմատ մոտ 6 անգամ աճել է՝ կազմելով 1 մլրդ 150 մլն դրամ: Ուշադրության կենտրոնում են ոչ միայն կրոնական, այլև պետական, հասարակական, պաշտպանական կարևորության հուշարձաններ»,- ասել է Հարություն Վանյանը՝ նշելով, որ որոշ հուշարձանների ամրակայման և վերականգնման մրցույթներ արդեն կայացել են, որոշ դեպքերում էլ պարզապես դիմող շինկազմակերպություններ չեն լինում, ինչը մտահոգիչ խնդիր է:

Իրազեկման կարևորության մասին

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի խոսքով՝ հուշարձանների ուսումնասիրման, վկայագրման, պահպանական գոտիների կազմման և միջազգային ասպարեզում հանրահռչակման առումով նախորդ տարի իրականացվել է բավականին արդյունավետ աշխատանք, որն այս տարի կլինի շարունակական: Հուշարձանների պահպանման գործում նա կարևորել է հանրության իրազեկվածության և քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը նաև ոչ ֆորմալ կրթական գործիքների միջոցով:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կնշվի մի շարք միջոցառումներով

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով 2023 թվականին անցկացվել է 190 միջոցառում՝ կրթական ծրագրեր, մաքրման աշխատանքներ, սեմինարներ ու բաց դասեր: Դրանց թիվն այս տարի կավելանա:

Հարությունն Վանյանն էլ իրազեկել է, որ օրվա շրջանակում Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կպարգևատրեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին:

Մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

«Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։ Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում»,-ասել է Հարություն Վանյանը՝ նշելով, որ այն հուշարձանները թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում հանրահռչակելու լավ հարթակ է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում նոր հուշարձաններ ընդգրկելու մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում ընդգրկված են երեք հուշարձանախմբեր՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդի վանքը և Ազատ գետի հովիտը, Էջմիածինը՝ իր եկեղեցիներով և Զվարթնոցի տաճարը:

Նախնական ցանկում 4 հուշարձանախումբ են՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Նրա տեղեկացմամբ՝ Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով պատրաստվում է հայտ՝ որպես Հայկական լեռնաշխարհին բնորոշ բացառիկ մշակութային երևույթ, որն այլ տեղ չի հանդիպում:

Ընթացակարգը ներկայացնելիս Խաչիկ Հարությունյանն ասել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու չափանիշներն այս տարիների ընթացքում ընդլայնվել են և խստացվել: Պահանջում է համալիր ուսումնասիրություն և հուշարձանի՝ համաշխարհային արժեք ունենալու հիմնավորում: «2021 թվականից իրականացնում ենք համաշխարհային ցանկում ընդգրկված երեք անվանակարգերի ուսումնասիրություն և դրանց կառավարման պլաններ, ինչպես նաև միջանկյալ զեկույցների պատրաստում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերների հետ մշտական կապը ստեղծվել է. նախորդ տարի Հայաստան են ժամանել փորձագետներ Հունաստանից, Իտալիայից, Շրի Լանկայից, ինքներս մասնակցել ենք միջազգային գիտաժողովների: 2023 թ. դեկտեմբերին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ից ևս մեկ դրամաշնորհ ստացավ, և այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները 1954 թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար հայտ պատրաստելու նպատակով»,- իրազեկել է Խաչիկ Հարությունյանը:

Հուշարձանների վնասումը կանխող միջոցառումների մասին

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ 2023 թ. հուշարձանների տարածքներում արձանագրվել է 85 իրավախախտում, որից երեքը՝ վանդալիզմի դեպք, 30-ի մասով հարուցվել է քրեական գործ:

«Դեպքերը կանխելու նպատակով տարբեր միջոցառումներ են իրականացվում, այդ թվում՝ համայնքային հուշարձանապահպանության աշխատանքներ, սեմինարներ, բաց դասեր: Քաղաքացին հաճախ վնաս է հասցնում հուշարձանին՝ առանց իրազեկված լինելու այդ մասին՝ իրականացնելով հողահարթեցման, շինարարական աշխատանքներ: Իրազեկման աշխատանքներով փորձում ենք ճանաչելի դարձնել և հնարավորինս կանխել դեպքերը»,- ասել է Արմեն Հովհաննիսյանը և նշել, որ 600-ից ավելի վտանգված հուշարձան կա ՀՀ տարածքում:

Հողաքանդման, վանդալիզմի դեպքերին անդրադառնալով՝ Վանյանը նշել է, որ դրանք արձանագրելիս նախարարությունը դիմում է իրավապահ մարմիններին: ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը կարծում է՝ արձանագրված դեպքերը պետք է պատժիչ արդյունք ունենան, որպեսզի գանձագողությունն ու հուշարձանների վնասումը հնարավորինս կանխվեն:

Ըստ Հարություն Վանյանի՝ կանխող միջոցառում իրականացնելիս նախ պետք է տարորոշել՝ ինչ բնույթի հուշարձան է և ինչ վնասվածք է հասցվել. «Հնավայրերի ու դամբարանադաշտերի դեպքում հրատապ պեղումներ պետք է իրականացվեն՝ փրկելու մնացած՝ չվանսված արժեքները՝ հնագիտական շերտերն ու առարկաները: Կարծում եմ՝ ավելի կոշտ դիրքորոշում պետք է ունենանք ժառանգությունը գիտակցաբար վնասող անձանց նկատմամբ՝ իրավական դաշտում: Ճարտարապետական հուշարձանների դեպքում, երբ ինքնագործունեությամբ երեսապատում են արել, ներկել են կամ, օրինակ, երկրորդ հարկ են ավելացրել, նման դեպքերը հնարավոր է վերացնել՝ հուշարձանը բերելով նախկին տեսքի: Իսկ եթե անդառնալի է վնասը, դա պատժելի է իրավական ընթացակարգով»:

Կոնդի հուշարձանների պահպանությունը օրենքի պահանջ է

«Կոնդը երբևէ գրանցված չի եղել իբրև պատմամշակութային հուշարձան: Կոնդում կան առանձին գրանցված շենքեր, կառույցներ և շինություններ, որոնք ունեն հուշարձանի կարգավիճակ և պետական ցուցակում ընդգրկված են կամ նորահայտ հուշարձանների կարգավիճակում են: Վերջին տարիներին հենց մեր ուսումնասիրությունների հիման վրա 10 նորահայտ օբյեկտ ընդգրկվել է նորահայտ հուշարձանների ցուցակում»,- հայտնել է Հարություն Վանյանը:

Խոսելով Կոնդի վերակառուցման մրցույթի մասին՝ Վանյանը նշել է, որ օրենքից բխող հիմնական պահանջը եղած հուշարձանների և դրանց պահպանական գոտիների ու միջավայրի պատշաճ պաշտպանությունն է:

«Բոլոր հուշարձանները պետք է պահպանվեն. դրանք պատշաճ ձևով ընդգրկված են մրցույթի տեխնիկական հայտերի մեջ: Մրցույթի մասնակիցները տեղեկացված են, թե որոնք են պատմամշակութային հուշարձանները, և որ դրանք պաշտպանված են օրենքով: Ցանկացած նախագիծ-առաջարկ պիտի ներառի դրանց բոլորի պահպանությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքաշինական ծրագիր կհաստատվի»,- նշել է Վանյանը՝ ընդգծելով հուշարձանների պահպանման վերաբերյալ ոչ ֆորմալ կրթության դերը. պատրաստվում են հոլովակներ երիտասարդների ու դպրոցականների համար:

ԼՂ պատմամշակութային ժառանգությունը վտանգված է

Հարություն Վանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերի վերաբերյալ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունները միջազգային գործընկերների հետ պարբերական աշխատանքներ են իրականացնում՝ օգտագործելով բոլոր խողովակները: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանն իր հերթին հայտնել է, որ գործում է Լեռնային Ղարաբաղի հուշարձանների մշտադիտարկման խումբ, որն արձանագրում և փաստագրում է այն բոլոր տեսանելի, երբեմն նաև ոչ տեսանելի վանդալիզմի դեպքերը և դրանք փոխանցում համապատասխան կառույցներին: Մշտադիտարկմամբ արձանագրվում են ամենօրյա փոփոխությունները:

2020 թ․ 44-օրյա պատերազմից և 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո տարբեր միջազգային հարթակներում (ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրոպայի խորհուրդ և այլն) նիստերի, համաժողովների, գիտաժողովների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները մշտապես բարձրացնում են Լեռնային Ղարաբաղի պատմության և մշակույթի հուշարձանների հետագա պահպանության հարցերը, վերհանում Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմի փաստերը և հրավիրում միջազգային կազմակերպությունների ուշադրությունը: