ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառմանը։

Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ընդունմանը՝ ստեղծելով մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների քաղաքականություն՝ նպաստելով հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի ձևավորմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության կառույցների և միջգերատեսչական համագործակցությունը՝ շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս մասնակցում է հոգեկան առողջությանն առնչվող ծրագրերի, որոնք ազդեցություն ունեն կրթական գործընթացի կազմակերպման վրա։

«Կրթական համակարգն այն միջավայրն է, որտեղ պետք է խոսել բոլոր խնդիրների մասին, ինչպես նաև սովորել՝ ինչպես խոսել դրանց մասին։ Մեզ համար կարևոր է խորքային առումով հասկանալ բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ազդեցություն ունենալ կրթական արդյունքի վրա։ Պետք է ընդունենք, որ դպրոցում աշխատող մասնագետները նույնպես կարիք ունեն սովորելու՝ ինչպես խոսել խնդիրների մասին։ Հետևաբար, համագործակցությունը մասնագիտական ոլորտների և կառույցների հետ շատ կարևոր է։ Հոգեկան առողջության մասին խոսակցությունները և քննարկումները դյուրին չեն․ հանրային ընկալումներում դրանք մշտապես խնդրահարույց են եղել։ Այս առումով, անշուշտ, կարևոր է իրազեկվածության բարձրացումը։ Միաժամանակ, կրթական համակարգը հենց այն տեղն է, որտեղ պետք սովորել խոսել բոլոր հարցերի, այդ թվում նաև հոգեկան առողջությանը վերաբերող հարցերի մասին։ Կրթական համակարգը կարող է լավագույնս աջակցել՝ գտնելու այս երևույթի հետ առնչվելու ճիշտ ձևերը։ Սա, իհարկե, նաև մասնագիտական մոտեցում պահանջող խնդիր է։ Այս առումով կրթության բարեփոխումների համատեքստում իրականացվել են բավականին լուրջ փոփոխություններ․ Հայաստանի բոլոր դպրոցներում 2023 թվականի սեպտեմբերից ներդրվել է հոգեբանի հաստիք, ինչը փաստում է, որ կրթության կազմակերպման գործընթացում կարևորել ենք մասնագիտական մոտեցումն ու համապատասխան ռեսուրսի առկայությունը: Մենք այժմ խնդիր ունենք շարունակաբար աջակցելու դպրոցի հոգեբանների մասնագիտական զարգացմանը՝ ապահովելով նրանց անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով»,- ասել է նախարարը՝ կարևորելով ոլորտում գործող մասնագիտացված կառույցների՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի արդյունավետ գործունեությունը։

Նախարարի խոսքով՝ նշված կառույցները պետք է իրականացնեն կարիքների որակյալ գնահատում․ «Առաջին փուլում ճիշտ ախտորոշում կատարելը և հետագայում տվյալները մասնագիտական կառույցներին փոխանցելը շատ կարևոր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Որպես իրականացվող բարեփոխում՝ նա նշել է, որ առանձին ֆինանսավորում է տրամադրվում դպրոցներում խելամիտ հարմարեցումների ու ծառայությունների համար՝ առաջնային դիտարկելով տրամադրվող աջակցություների ձևերը յուրաքանչյուր դպրոցի համար, որը, ըստ նախարարի, անմիջական ազդեցություն է ունենալու կրթության որակի վրա:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով եռամյա ծրագրում կրթական բաղադրիչի ներառման համար, նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը մշատապես բաց է համընդհանուր ներառականությանը միտված կարևոր ծրագրերի շուրջ համագործակցության համար։

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և կարևորել ծրագրի շուրջ տարբեր գերատեսչությունների և քաղհասարակության համախմբումը:

«Բոլորիս նպատակն է, որ Հայաստանի բնակչությունն ավելի դիմակայուն լինի, Հայաստանում մարդու իրավունքների վրա հիմնված գործունեություն ծավալվի: Կրթության ներառականության և իրազեկվածության բարձրացման միջոցով պետք է հասնենք հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրների լուծմանը: Մենք պատրաստ ենք աշխատել միասնաբար, ուժեղացնել շահառու հաստատությունները՝ ևս մեկ անգամ հաստատելով մեր համագործակցության ամուր հիմքերը»,- ասել է Վասիլիս Մարագոսը:

Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում իրենց ոլորտներում իրականացվող աշխատանքները: Ծրագրի ընդհանուր նպատակները ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է զարգացնել մասնագիտական ներուժը՝ իրականացնելով հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերման և ճիշտ ուղղորդմանն ուղղված վերապատրաստումներ: Կստեղծվի կայք՝ հոգեկան առողջության և խնամքի ծառայությունների վերաբերյալ մատչելի ու հասանելի տեղեկատվությամբ: