Գիտական հետազոտությունների նկատմամբ դպրոցահասակների շրջանում հետաքրքրություն սերմանելու, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ արդեն 4-րդ անգամ կազմակերպվում է համադպրոցական գիտության փառատոնը։

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Համադպրոցական գիտության փառատոն 2024» միջոցառման ամփոփիչ փուլը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Փոքր հողմային էլեկտրակայանից մինչև «խելացի» աղբամաններ, արբանյակների հետազոտումից մինչև այլընտրանքային էներգիայի ստացում, Երևանի հին ու նոր պատմություններից մինչև Գրիգոր Զոհրապի նովելների բեմականացում փառատոնում ներկայացվել է շուրջ 70 հետազոտական աշխատանք՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում։

«Գիտության փառատոնի կազմակերպումը շատ կարևոր է դպրոցներում գիտության հանրայնացումն ապահովելու առումով: Այստեղ գտնվող երեխաներից յուրաքանչյուրը սկսում է հետազոտել, հետաքրքրվել գիտական հետազոտություններով, պատկերացում կազմում, թե ինչպիսի կարևոր և հետաքրքիր գործընթաց է գիտական և հետազոտական աշխատանքը։ Նրանց մեծ մասի համար սա դառնում է մասնագիտական կողմնորշման ամուր հիմք, որովհետև իրենց ընտրած թեման ուսումնասիրելով՝ սկսում են պատկերացնել՝ ինչով են ուզում զբաղվել հետագա գործունեության ընթացքում: Փառատոնը էապես ազդում է կրթության որակի վրա նախագծերի մեծ մասը ներկայացված է բնական գիտությունների այնպիսի ուղղություններով, որոնց որակի բարելավումը կարևորում ենք ՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն: Այսպիսով՝ մեր երեխաները նաև դպրոցներում կրթության որակի բարելավման ևս մեկ մեխանիզմ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ամեն տարի այս փառատոնից դրական տպավորություններ է ստանում, որովհետև տեսնում է՝ տարբեր դպրոցների աշակերտներ, իրենց ուսուցիչների գլխավորությամբ, անդրադառնում են արդիական խնդիրների ու նորարար լուծումներ առաջարկում: «Կարևոր է, որ մեր երեխաների համար ստեղծենք պայմաններ՝ զարգանալու, կրթվելու, իրենց մտքերն ու գաղափարներն իրականացնելու համար: Կարևոր եմ համարում, որ մեր երեխաներն անդրադառնում են իրենց համայնքին և շրջապատին առնչվող խնդիրներին, ինչը նշանակում է, որ նրանք ուշադիր են, նկատում են առկա պրոբլեմները և փորձում են հենց այդ հարցերի լուծումները գտնել գիտության և հետազոտության միջոցով, որն էլ մեր կրթական համակարգի բարեփոխումների ամենաուղիղ նպատակն է։ Մեր երեխաների գաղափարները ցույց են տալիս, որ հուսալի ապագա ունենք։ Նրանք իրենց արժեքային դիրքորոշումներով մեր վաղվա արժանապատիվ և ստեղծագործ քաղաքացիներն են, որոնք լուծելու են մեր երկրի խնդիրները»,- ասել է նախարարը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ներկայացված գաղափարների շուրջ պետք է շարունակաբար մտածել, քննարկել, փորձարկել և դրանք ավելի լուրջ ուսումնասիրության առարկա դարձնել։ ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի հատկացումները 2018-ի համեմատ դրանք աճել են 280 տոկոսով, և եթե կա գաղափար, որի արդյունքը կիրառելի է, պետությունը պատրաստ է աջակցել։

Այս տարի համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպչական նորությունն այն է, որ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս մասնակցում են նախագծերի գնահատմանը՝ հանդես գալով գիտական կազմակերպությունների ներգրավմամբ ստեղծված հանձնաժողովում։ «Շատ կարևոր է, որ սովորողները գնահատեն սովորողներին։ Դա հանրակրթության նոր չափորոշչի գնահատման մեթոդաբանություններից մեկն է, երբ աշակերտը սովորում է գնահատել իր հասակակցի աշխատանքը»,- փաստել է նախարարը՝ հավելելով, որ փառատոնը կարևոր է նաև միջազգային հարթակներում աշակերտների մասնակցությունը խրախուսելու առումով։

Նախարարը շրջել է տաղավարներով, հետաքրքրվել աշխատանքների մանրամասներով, աշակերտների հետ զրուցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցերով։ Նա մասնակիցներին կոչ է արել շարունակել նույն ոգևորությամբ՝ մաղթելով հաջողություն։ Աշակերտները նշել են՝ ամիսներ շարունակ ապրել են իրենց գաղափարների, հետազոտությունների կյանքի կոչմամբ, ոգևորվել ստացված արդյունքներով։

Հանձնաժողովի անդամներից Գոռ Մարգարյանի /ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ/ գնահատմամբ՝ փառատոնը շատ հաջողված է և կամրջում է կրթությունն ու գիտությունը՝ ապագայում բուհերում ապահովելով լավ ուսանողների ու հետազոտողների։ Նա ընդգծել է հասարակագիտության և բնագիտության համադրումը փառատոնի ընթացքում «Աշակերտները Գրիգոր Զոհրապի նովելների նկարները ստանալու համար օգտագործել էին արհեստական բանականություն, ինչը երկու ուղղությունների միջև ապահովել էր հրաշալի համագործակցություն»։

Նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս շատ ոգևորված էին իրենց նոր պարտականությամբ։ Նրանց հավաստիացմամբ՝ որպես հանձնաժողովի անդամ՝ գնահատելիս առաջնորդվել են անաչառությամբ, ներկայացված գաղափարի նորարարությամբ ու պետության խնդիրների լուծման համար կիրառելիությամբ։

Մասնագիտական հանձնաժողովի գնահատման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում։ Հայկական համադպրոցական գիտության 4-րդ փառատոնի եզրափակիչ փուլում ՀՀ 30 ուսումնական հաստատությունների անհատական կամ հետազոտական խմբերը ներկայացրել են ուսումնական տարվա ընթացքում գիտական ղեկավարի աջակցությամբ իրականացրած և իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերի արդյունքները։

Գնահատող հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ի նախագծերը կներկայացվեն «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որը տեղի կունենա Լեհաստանում։