Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի ապրիլի 15-22-ը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով: Կարգախոսի խորհուրդը գրադարանների արժևորումն է՝ որպես մշակութային, նորարարական և սոցիալական հարթակ:

Միջոցառման նպատակն է կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում: Միաժամանակ, այն հարթակ է գրադարանային համակարգի արդի հիմնախնդիրների բացահայտման, դրանց լուծման և կարգավորման ուղիների որոնումների համար:

«Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառմանը հետաքրքիր և հագեցած ծրագրերով մասնակցում են ՀՀ պետական և համայնքային գրադարանները:

Ծրագրերում ներառված են մասնագիտական, նորարարական և տարվա հոբելյաններին նվիրված տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են գրքի և ընթերցանության դերի բարձրացմանը, ընթերցող-գրադարան կապի սերտացմանը, ինչպես նաև գրադարանային ոլորտին առնչվող հիմնահարցերի կարևորմանը: Շաբաթը կնշանավորվի ՀՀ գրադարանների փոխայցերով:

Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից` սկսած 2002 թվականից: