ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է Զեյնա Մինայի այցը մեր երկիր և կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի անցկացումը Հայաստանին վստահելու համար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը դրանք լավագույնս կազմակերպելու համար:

Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են հարցեր Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Այդ համատեքստում կարևորվել է նաև Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածումը խթանելու անհրաժեշտությունը:

Նշվել է, որ հայկական կողմն արդեն վերջնականացրել է Խաղերի կազմակերպման Ազգային կոմիտեի ղեկավար կազմի ձևավորման գործընթացը: Ազգային կոմիտեի կազմում ընդգրկված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Զրուցակիցներն ընդգծել են, որ Ազգային կոմիտեի գործադիր մարմնի ձևավորումն առաջնային կարևորություն ունի՝ Խաղերի կազմակերպման և ՖԽՄԿ և Հայաստանի միջև արդյունավետ աշխատանքն ապահովելու տեսանկյունից: