ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների՝ գործուղման կարգով ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու և հավելավճար ստանալու հարցին:

Նախարարը տեղեկացրել է՝ մարտի 31-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 330 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզերի դպրոցներ, սակայն հանրակրթության համակարգում ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 600 ուսուցիչ է աշխատում:

«ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ մարզային դպրոցներ գործուղված բոլոր ուսուցիչները պետք է ստանան 30% հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ բնակավայրերում աշխատանքի անցած ուսուցիչների համար նաև ամսական 50 հազար դրամ լրավճար է նախատեսված»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանն ու հավելել՝ եթե կան դեպքեր, երբ գումարները չեն տրվել, ուսուցիչները կարող են դիմել նախարարություն:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ այժմ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների գործուղման ժամկետները կերկարաձգվեն, որպեսզի այն ուսուցիչները, որոնք դեռևս չեն դիմել գործուղման ծրագրին, հնարավորություն ունենան դիմելու:

Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Ժաննա Անդրեասյանին նաև հարց է ուղղվել դպրոց ընդունվելիս երեխաների բուժզննման տեղեկանք ներկայացնելու պահանջը պարտադիր դարձնելու անհրաժեշտության մասին:

«Դպրոց ընդունվելու գործընթացը պետք է լինի հնարավորինս պարզ ու մատչելի: Երեխաների պարբերական բուժզննման գործընթացները, կարծում եմ, որևէ կերպ պետք չէ կապել դպրոց ընդունվելու գործընթացի հետ: Ընդունելության պարագայում մենք փորձել ենք կրճատել անհրաժեշտ թղթաբանության ծավալները՝ գործընթացը հնարավորինս թվայնացնելով: Ընդունելության գործընթացում վարչարարության պարզեցման անհրաժեշտություն, միանշանակ, կար՝ հաշվի առնելով թե՛ տարատեսակ հերթերը, թե՛ կոռուպցիոն ռիսկերը: Բայց սա որևէ չի կարող անդրադառնալ երեխայի պարբերական բուժզննման անհրաժեշտության հետ»,- ասել է նախարարն ու հավելել, որ բուժզնմման տեղեկանքները շարունակում են ներկայացվել դպրոց, բայց ուսումնական տարվա ընթացքում՝ մինչև ուս.տարվա ավարտը:

«Բուժզննման տեղեկանքների ներկայացումը շարունակում է մնալ պարտադիր արդեն դպրոցում սովորելու ընթացքում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: