ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV) գործադիր տնօրեն Կլեն Յարացի և Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության և հումանիտար օգնության վարչության պետ Կաիրի Սար-Իսոփի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության դեսպան Ռինա Կալյուրանդը:

Պատվիրակության այցը Հայաստան պայմանավորված է Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի՝ 10 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում իր գործունեությունը վերականգնելու որոշմամբ՝ զարգացման համագործակցության ծրագրերի շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել միջազգային հարաբերությունների զարգացման ուղղությամբ Էստոնիայի կառավարության գործադրած ջանքերը՝ հատկապես Հայաստանի հետ համագործակցության խորացման շրջանակում: Նախարարի տեղակալը մատնանշել է ինչպես երկու երկրների միջև պատմական և մշակութային ժառանգությունը, այնպես էլ երկու ժողովուրդների առջև պատմականորեն ծառացած մարտահրավերներն ու նմանությունները:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարության զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության բաժնի ղեկավար Կաիրի Սար-Իսոփը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Էստոնիայի կառավարությունը մեծացրել է Հայաստանի հանդեպ ուշադրությունը՝ ընդգրկելով զարգացման առաջնահերթ գործընկեր-երկրների շարքում և ցանկություն ունենալով ընդլայնել համագործակցության զարգացման ծրագրերի շրջանակը: Այս համատեքստում կողմերը քննարկել են հատկապես կրթության ոլորտում փոխհամագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ ծրագրերի շրջանակում:

Էստոնական կողմը տեղեկացրել է՝ վերջերս Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ Կապանի 6 դպրոցներում ուսուցիչների կարողությունների զարգացման վերապատրաստման պիլոտային ծրագիր են իրականացրել, որի շուրջ բավականին դրական արձագանքներ են ստացել: Առաջիկայում նաև ճանաչողական այց է նախատեսվում Էստոնիա՝ վերջինիս կրթական ծրագրերին, դպրոցական փորձին ու կառավարման մոդելներին ծանոթանալու նպատակով: Առանձին ուղղությամբ վերապատրաստումներ են անցկացվել նաև Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկավարժների համար: Ծրագրի խորհրդատու Աննա Ալենը նշել է՝ նախաձեռնությունն ընդլայնելու և ՀՀ տարբեր մարզերում իրականացնելու մտադրություն ունեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում մեծածավալ բարեփոխումների փուլում է, իսկ արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով կարևորում է միջազգային գործընկերների աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձին, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի էստոնական փորձին և բարձր ցուցանիշներին՝ առաջարկելով համագործակցություն փորձի փոխանակման նպատակով:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև երիտասարդական քաղաքականության ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման նպատակով երիտասարդական կենտրոնների հիմնման Կառավարության ծրագրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: