Անցյալ շաբաթ անցկացվել է կամավոր ատեստավորման գործընթաց բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչների համար, որոնք սեպտեմբերին անցկացված ատեստավորման ժամանակ բավարար արդյունքներ չէին ապահովել: ԿԳՄՍ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրել է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

«Սեպտեմբերին կազմակերպված կամավոր ատեստավորման դրական շեմը չհաղթահարած ուսուցիչներից շատերը մեծ ցանկություն ունեին դպրոցում աշխատանքը շարունակելու: Հաշվի առնելով ուսուցիչների տարիների վաստակն ու ներդրումը, ընդառաջելով նրանց առաջարկներին՝ նախարարությունը արտահերթ կամավոր ատեստավորում կազմակերպեց»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա տեղեկացմամբ՝ արտահերթ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել էին 323 ուսուցիչներ՝ 21 առարկայից, որոնցից 272-ը մասնակցել են ատեստավորմանը: Ըստ նախնական տվյալների՝ նրանցից 7-ը ապահովել են 90-100 տոկոս, 18-ը՝ 80-89 տոկոս, 16-ը՝ 70-79 տոկոս, 32-ը՝ 60-69 տոկոս, 65-ը՝ 50-59 տոկոս և 134-ը՝ մինչև 50 տոկոս արդյունք: Այս տվյալները դեռ նախնական են՝ վերջնական արդյունքները պարզ կդառնան բողոքարկման փուլի ամփոփումից հետո:

«Ուսումնական հաստատություններին տեղեկացրել ենք, որ հաշվի առնելով ուսուցիչների մեծ մասի՝ արդեն իսկ աշխատանքից ազատված լինելու հանգամանքը, թափուր հաստիքների մրցույթների հայտարարման դեպքում նախապատվությունը տան կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչներին՝ նրանց վերականգնելով նախկին աշխատավայրում»,- ասել է Ա. Սվաջյանը՝ ավելացնելով, որ կամավոր ատեստավորման դրական արդյունք արձանագրած բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կարող են մասնակցել նաև ուսուցչի թափուր տեղի բոլոր մրցույթներին:

Ըստ փոխնախարարի՝ այն ուսուցիչները, որոնք այս փուլը ևս չեն հաղթահարել, չեն կարող աշխատել որպես ուսուցիչ: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այժմ շրջանառվում է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիր, որի բաղադրիչներից մեկը պետության աջակցությամբ վերջիններիս համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ապահովումն է: