Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի «Երաժշտական գրականություն» առարկայի ուսուցչուհի Կարինե Ավագյանը մասնագիտական գործունեության 30 տարվա փորձ ունի: Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման հնարավորության մասին տեղեկանալուց հետո նախորդ տարի որոշել է փորձել ուժերն ու խոստովանում է՝ չէր սպասում, որ գիտելիքը կգնահատվի:

«Կամավոր ատեստավորումը, իսկապես, շատ հաջողված նախաձեռնություն է: Մեծ ուրախություն է, որ 30 տարի անց գիտելիքդ նորից գնահատվում է: Թե՛ նմանօրինակ հնարավորությունը, թե՛ իմ գրանցած արդյունքները շատ գոհացնող են»,- ասում է Կարինե Ավագյանը, որը երաժշտական տեսության ուղղությամբ կամավոր ատեստավորմանը ցույց է տվել 85% արդյունք և աշխատավարձի գրեթե կրկնակի բարձրացում է ունեցել:

Կարինե Ավագյանն այս տարի ևս նախատեսում է մասնակցել կամավոր ատեստավորմանը՝ արդյունքները բարելավելու հույսով. «Կարծում եմ՝ կարող էի ավելին, բայց շփոթմունքը խանգարեց, որովհետև ամեն դեպքում առաջին փորձն էր: Կոնկրետ իմ առարկայի հարցաշարն ամբողջությամբ կրթական ծրագրի շրջանակում էր: Ինչ սովորել էի ուսանողական տարիներին, օգնեց ինձ թեստը լրացնելիս. 3 ժամ էր տրված, 1 ժամում ավարտել եմ: Այս տարի նորից եմ մասնակցելու կամավոր ատեստավորմանն ու հուսով եմ՝ կբարելավեմ արդյունքս»:

Մանկավարժն ուրախությամբ նշում է՝ իր օրինակին հետևելով՝ Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի մի շարք այլ ուսուցիչներ ևս որոշել են մասնակցել առաջիկայում նախատեսվող կամավոր ատեստավորմանը. «Բոլորին ասում եմ, թե գիտելիքի գնահատման ու խրախուսման համար սա որքան լավ ու գովելի մեթոդ է: Իմ օրինակով շատերին եմ ոգևորել շրջապատում: Հուսով եմ՝ դրական արդյունքներ կգրանցեն նաև մյուս գործընկերներս»:

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 20-ը՝ ժամը 18։00-ն։ Ատեստավորման անցկացումը նախատեսվում է 2024 թվականի մայիսի 11-ին և 12-ին: