ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Մասնավորապես՝ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն և Փարաջանովի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ողջույնի խոսքով:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ֆրանսիայի կրթության և երիտասարդության նախարարության, առանձին թանգարանների ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: