Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հայաստան) միջև:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը և «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբկեն Չուգասզյանը:

Հուշագրի նպատակն է կայուն և արդյունավետ համագործակցությունը, ժամանակակից արվեստի ոլորտում հետագա համատեղ գործունեության ընդլայնումը, ինչպես նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում ստեղծարար Ֆաբ Լաբի (արտադրական լաբորատորիա) հիմնումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ սա վերջին օրերի ընթացքում ստորագրված արդեն 3-րդ հուշագիրն է, ինչն ապացուցում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը կարևորում է պետություն-մասնավոր համագործակցությունը:

«Պետական հստակ քաղաքականությամբ մասնավորի հետ համագործակցությունն առաջընթացի ճանապարհ է: Առավել ուրախալի է երիտասարդական, նորարար, աշխարհի հետ համահունչ քայլող կառույցների հետ համագործակցությունը, ինչպիսին այսօրվա հուշագիրն է: Այն բարելավելու և նոր հնարավորություններ է տալու մեր ստեղծագործ երիտասարդներին, քանի որ հենց նրանք են մեր ժամանակների այն ամենատես աչքը, որն ունակ է տեսնելու, զգալու, ցույց տալու ու նաև սովորեցնելու մերօրյա արվեստը: Մենք էլ՝ որպես պետություն, մշտապես պատրաստ ենք աջակցել և խրախուսել առաջընթացին միտված նորանոր գաղափարները»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Նշենք, որ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տարածքում հիմնադրվող ստեղծարար Ֆաբ Լաբի (արտադրական լաբորատորիա) նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության և հայտնագործությունների համար անհրաժեշտ գործիքների, գիտելիքի և ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այն կհանդիսանա արտադրական տարածք, որի միջոցով հասանելի կդառնան թվային արտադրանքի ժամանակակից գործիքները, դասավանդման նորարարական մեթոդաբանությունը և մուտքը դեպի համաշխարհային Ֆաբ Լաբի ցանց և ուսումնական համայնք:

Միջոցառման շրջանակում ներկաները ծանոթացել են նաև «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում իրականացվող «Տվյալներից անդին» ցուցահանդեսին: Այն ուղղված է Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը: