ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մենարկել է ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի գարնանային փուլը: Մինչ այս անցկացված մրցումներին շուրջ 14 համալսարանների ավելի քան 300 ուսանողներ են մասնակցել:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում է 20 բուհերի 1000-ից ավելի ուսանողների մասնակցություն:

Խաղերի շրջանակում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում կայացել է արագ և բլից շախմատի առաջնությունը, որին 12 համալսարանների շուրջ 80 ուսանողներ են մասնակցել:

Արագ շախմատի մրցումներում մրցանակային տեղեր են զբաղեցրել Շանթ Սարգսյանը (1-ին տեղ, ՀՖԿՍՊԻ), Ալեն Երեմյանը (2-րդ տեղ, ՀՖԿՍՊԻ) և Ռոբերտ Մուրադյանը (3-րդ տեղ, ԵՊԲՀ): Կանանց պայքարում լավագույն եռյակն ունեցել է այս տեսքը՝ 1. Արփինե Գրիգորյանը (ԵՊԲՀ), 2. Աննա Խաչատրյան (Հայ-Ռուսական համալսարան), 3. Վերոնիկա Խաչատրյան (Հայաստանի ամերիկյան համալսարան):

Արագ շախմատի կանանց պայքարում թիմային առաջին տեղը զբաղեցրել է Ամերիկյան համալսարանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ ՀՖԿՍՊԻ թիմը:

Բլից շախմատի մրցումներում 7 տուրից հետո հաղթող են ճանաչվել Շանթ Սարգսյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

Ուսանողական խաղերի շրջանակում արդեն անցկացվել է նաև բազկամարտի առաջնությունը: Մրցաշարին 14 համալսարանների շուրջ 120 ուսանողներ են մասնակցել:

ԵՊՀ հրաձգարանում էլ կայացել է հրաձգության առաջնությունը, որին 13 համալսարանների շուրջ 90 ուսանողներ են մասնակցել: Աղջիկների պայքարում լավագույն եռյակը կազմել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի թիմերը: Տղաների պայքարում լավագույն եռյակն ունեցել է այս տեսքը՝

1. ՀՖԿՍՊԻ

2. ԵՊՀ

3. ՀԱՊՀ

ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում մեկնարկել է նաև «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը:

Խաղերը շարունակվելու են մինչև դեկտեմբեր: Գարնանային փուլում կայանալու են նաև 3X3 բասկետբոլի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի մրցումները: