ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ծրագրի շրջանակում ստեղծվել են 6 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը կիրառվող արհեստների մասին՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, թաղիքագործություն, խեցեգործություն, դարբնություն, փայտարվեստ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մասնակից կառույցներին, խմբերին ու անհատներին կատարած մեծ աշխատանքի համար. «Աշխատանքը հաջողում է, երբ ապահովված է ստեղծագործական առողջ միջավայր, որտեղ յուրաքանչյուրը մտածում է լավ արդյունքի մասին: Այս ծրագրի արդյունքը պարտավորեցնում է ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում պահել, տարածել ժողովրդական արվեստների մասին գիտելիքը թե՛ միջազգային հարթակներում, թե՛ մեր հանրության շրջանում: Ծրագիրը կարող է դառնալ հրաշալի կրթական նյութ նաև դպրոցների համար. այն մեր երեխաների համար առավել տեսանելի և ընկալելի կդարձնի դասագրքային գիտելիքը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդական վարպետներին, որոնց աշխատանքը տեսանելի դարձնելու խնդիր ունենք: Ուրախ եմ, որ թանգարանի հետ հաջող համագործակցությամբ նրանց աշխատանքն ավելի գնահատված և արժևորված է դառնում»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ազգայինի տարածմանը և հանրահռչակմանը միտված գաղափարներին:

Ֆիլմաշարը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ներկայացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանով։

Երկլեզու՝ հայերեն և անգլերեն ֆիլմերի ստեղծման շուրջ աշխատել են «Invisible Friends» անիմացիոն ստուդիայի մասնագետները, որոնք տարբեր երկրներից են՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իսրայել, Ֆրանսիա:

Ֆիլմերի վիզուալ բովանդակությունը ստեղծելիս օգտագործվել են ինչպես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, այնպես էլ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն և անհատ վարպետների անձնական արխիվները։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Խնձորեսկ» տիպի գորգի կտրման արարողություն՝ նվիրված թանգարանի 45-ամյակին: Այն գործել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մարգարիտա Խաչյանը, որը 2023 թվականից աշխատում է Ժողովրդական արվեստների թանգարանում: Ելույթով հանդես է եկել նաև թանգարանի նորաստեղծ «Մանել» երգչախումբը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել հիմնական ցուցանմուշներին, ժամանակավոր ցուցադրություններին և կրթական ծրագրերին:

Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերն առաջիկայում կհրապարակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: