ՀՀ կրթու­թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է պետություն-մասնավոր համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը:

Հուշագրի նպատակը Վենե­տիկի արվեստի միջազգային 60-րդ բի­ենալեում Հայաստանի Հան­րա­պետության ազգային տաղավարի կազմակերպումն ու ժամանա­կակից արվեստի ոլորտում հետագա համագործակցության շրջանակի ընդլայնումն է։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությունը՝ որպես պետական քաղաքականության առանցքային մաս. «Մասնավորի հետ համագործակցությունն ապահովում է գործընթացի ճկունություն և բարձր պրոֆեսիոնալիզմ: Ուրախ ենք, որ այնպիսի կարևորագույն միջոցառմանը, ինչպիսին Վենե­տիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեն է, Հայաստանը ներկայանալու է ոլորտում լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի նախագծով: Մեր նպատակն է քայլել աշխարհին համահունչ, արդիական մոտեցումներով ու լինել նորարար, ինչն էլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այցեքարտերից է»:

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային տաղավարը Վենե­տիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում. ««Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը, որը բացի նախագիծն իրականացնողից՝ նաև գլխավոր հովանավորն է, ամեն ջանք գործադրում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ներկայանա միջազգային հանրությանը: Նախագծով ցանկանում ենք աշխարհին փոխանցել մեր օրերում այնքան պակասող հոգևոր արժեքների գաղափարը. հիմնական ուղերձն է դադար առնել և նայել մեր հոգու խորքը, վերարժևորել ունեցածն ու այն տեսանելի դարձնել»:

Նշենք, որ Վե­նետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենա­լեի ազգային տաղավարը ներկայա­նալու է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծով, որի համադրողն է Գաֆէսճեան արվեստի կեն­տրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, իսկ կոմիսարը՝ ԿԳՄՍ նախարարության ժամանա­կակից արվեստի վարչության պետ Սվետ­լանա Սահակյանը։

Համաձայն հուշագրի՝ Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ողջ ժամանակահատվածում «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը հանդիսանալու է գլխավոր հովանավորը և աջակցելու է ազգային տաղավարի կազմակերպմանը և ֆինանսավորմանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ պարտավորվում է կազմակերպական, տեղեկատվական և ֆինանսական աջակցություն ցու­ցաբերել ազգային տաղավարի կազմա­կերպմանը։