ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված գործողությունները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով սահմանվել է կրթական ծառայությունների հասանելիության և նվազագույն որակական շեմի բարձրացման թիրախ, նախարարը շեշտել է, որ հանրակրթության բովանդակային բարեփոխումները միտված են այդ թիրախների ապահովմանը:

«Մեր պետության համար դժվարին պայմաններում իրականացվել են կրթության բարելավմանն ուղղված մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են կրթության որակական մակարդակի բարձրացմանը»,- ներկայացնելով զեկույցը՝ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասն անդրադառնալով կրթության իրավունքի իրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը մինչ այդ փորձարկվել էր ՀՀ Տավուշի մարզում: Նախարարի խոսքով՝ Համաշխարհային բանկը վերջերս զեկույց է հրապարակել նոր չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման վերաբերյալ։ «Արտաքին անկախ գնահատման արդյունքներով չափորոշչի ներդրումն ապահովել է կրթական արդյունքի՝ առնվազն վեց ամսով ավելացում: Այսպես, եթե 2015 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաները 12 տարվա ընթացքում ապահովում էին շուրջ 8 տարվա կրթական արդյունք, ապա նոր չափորոշչի ներդրումից հետո այդ տարբերությունը կրճատվել է շուրջ 6 ամսով»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է նաև դպրոցներում ֆինանսավորման նոր կարգին. «Կարգը ներդրվել է մի պարզ պատճառով. սովորողների թվով ֆինանսավորումը բնորոշ չէ մեր երկրին, որովհետև այս մեթոդի կիրառման պարագայում դպրոցները կորցնում են ուսուցման կազմակերպման արդյունավետությունն ու աշխատանքի մոտիվացիան: Դասարանների թվով ֆինանսավորման պարագայում ոչ միայն կլուծվեն այդ խնդիրները, այլև աշխատանքի արդյունավետ կազմակերպման հնարավորություն կընձեռեն նաև համեմատաբար փոքր թվով սովորողներ ունեցող դպրոցների համար»:

Ըստ նախարարի՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը: Արդյունքում՝ տարրական և միջին դպրոցում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20, որը դրական ազդեցություն կունենա նաև կրթության որակի վրա:

«Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում, հաշվի առնելով այն, որ դասարանների խտության խնդիրն արդիական չէ, այլ լուծումներ են տրվել. սեպտեմբերից ներդրվել է հավելավճարի նոր կարգ, որի շահառու է 3000-ից ավել ուսուցիչ, որոնց ամենամսյա աշխատավարձը միջինում մինչև 40000 դրամով աճել է: Ընդ որում՝ սեպտեմբերից ևս մեկ հավելավճարի կարգ է ներդրվել բնագիտական առարկաների ուսուցիչների համար, որի արդյունքում վերջիններիս աշխատավարձը 25%-ով աճել է»,-ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն ընդգծել է, որ կամավոր ատեստավորման շրջանակում 2023 թվականին ատեստավորման դրական արդյունք է ապահովել 2976 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված դրույքաչափով, ինչպես նաև ստանում են հավելավճար՝ ըստ հավաքած միավորների:

Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները։

Հանրակրթական ծրագրերից նախարարն առանձնացրել է նաև դպրոցների ենթակառուցվածքների բարելավումը, ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծումը, դպրոցական սննդի ծրագիրը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեր երկիրը ևս միացել է Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային, ըստ որի՝ նոր չափորոշիչներով նախատեսվում է առողջ սննդի և առողջ ապրելակերպի ներառումը դպրոցներում:

Հաջորդ կարևոր բարեփոխումը կրթական հաստատություններում մշակութային և սպորտային ծրագրերի իրականացումն է։ Կարևորվել է նաև նախորդ տարի դեկտեմբերին Կառավարության կողմից ընդունված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ռազմավարության ընդունումը, որի նպատակն է սպորտով զբաղվելու հնարավորությունը մեծացնել նաև մարզային բնակավայրերում։ Նախարարը ներկայացրել է նաև մշակույթի ոլորտում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ ներդրվել է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության էլեկտրոնային մատյան:

Քննարկման ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև պատգամավորների բազմաբնույթ հարցերին: