Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 17 հազարը, կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք նաև անհրաժեշտ ճշտումներ ենք արել, որպեսզի հասկանանք այն երեխաների շրջանակը, որոնք դեռևս կարող են կրթության կազմակերպման խնդիր ունենալ։ Ամբողջությամբ հոգացել ենք նաև բուհերի ու քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը և արդեն իսկ փոխհատուցել նրանց՝ այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձը»,- տեղեկացրել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարության՝ ուսուցիչներին մարզային դպրոցներ գործուղելու և այնտեղ արտամրցութային կարգով աշխատանքի ապահովելու ծրագրով ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 320 ուսուցիչներ արդեն աշխատում են մարզերում: Բացի այդ՝ ԼՂ-ից տեղահանված որոշ ուսուցիչներ աշխատանքի են տեղավորվել նշված ծրագրից դուրս՝ ընդհանուր հիմունքներով: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ դպրոցներում աշխատանքի է տեղավորվել ԼՂ շուրջ 500 ուսուցիչ։

Թեմայի առնչությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու տարբեր ծրագրերը:

Կառավարության նիստում ներկայացվել են նաև աջակցության մյուս ծրագրերը: