ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «The Swedish Arts Grants Committee» կազմակերպության պատվիրակությանը՝ արվեստի դրամաշնորհների կոմիտեի բաժնի ղեկավար Մագնուս Կիրխհոֆի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի համակարգող Նարեկ Թովմասյանը։

Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագիրն ուղղված է մշակութային համագործակցությանը, որի նպատակն է նպաստել մասնագիտական կարողությունների զարգացմանը և խթանել երկխոսությունը արվեստի և մշակույթի գործիչների և պետական դերակատարների միջև:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է շվեդական պատվիրակությանը և ընդգծել, որ «ArtNexus» ծրագիրը Հայաստանում հաջողությամբ ծառայում է իր նպատակին՝ հնարավորություն ընձեռելով կիսելու լավագույն փորձը, նպաստելու մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունների զարգացմանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հեղինակային իրավունքի խնդիրներին վերաբերող հարցերին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հեղինակային իրավունքների պաշտպանությունն առաջնային կարևորություն ունեցող խնդիրներից է, դրանում առկա բացերը բացասական ազդեցություն են ունենում դաշտի զարգացման վրա:

Շվեդական արվեստի դրամաշնորհների կոմիտեի բաժնի ղեկավար Մագնուս Կիրխհոֆը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանում ստեղծարար ոլորտի զարգացմանը: Մագնուս Կիրխհոֆը կարևորել է հայկական կողմի մոտեցումը մշակույթը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում դիտարկելու առումով:

Հանդիպման ընթացքում ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել նաև ծրագրի շրջանակում գործարկված «Peer-to-Peer» հարթակի վերաբերյալ, որի միջոցով արդեն մի քանի առցանց քննարկում է կազմակերպվել:

Մշակույթի ոլորտի հանրահռչակման, թանգարանների միասնական կառավարման և ոլորտում բազմաթիվ այլ աշխատանքների իրականացման համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է վերջերս ստեղծված «Մշակույթի զարգացման հիմնադրամի» գործունեությունը՝ շեշտելով, որ կառույցի ստեղծումը օրենսդրական պահանջ էր:

«Մշակույթի զարգացման ռազմավարության մեջ շատ կարևոր խնդիր ենք դրել՝ փորձել հասկանալ մեր հանրության շրջանում մշակութային նախընտրությունները՝ ավելի վարքաբանական հետազոտություններ իրականացնելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով «The Swedish Arts Grants Committee» կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև ճանաչողական փոխայցելությունների ծրագրերը, անդրադարձ է եղել ընթացիկ այլ հարցերի։