Տեղի է ունեցել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը:

Երկարատև քննարկումներից հետո ընտրվել է Հայաստանի թեկնածությունը:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանի տարածքում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձևերի շրջանում:

«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է լինելու՝ մեծ թվով մասնակիցներով: Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել:

Առաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- ասել է Արթուր Նազարյանը:

Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության շրջանակում Հայաստանի մայրաքաղաք կժամանեն եվրոպական 24 երկրների հավաքականներ: