ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսավորմամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին տրամադրվել է շուրջ 80 մլն դրամ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բալետային փորձասենյակների և բեմահարթակի նոր հատակածածկույթի ձեռքբերման նպատակով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, շրջայց է կատարել և ներկա եղել բալետի պարողների փորձին՝ նոր հատակածածկույթով փորձասենյակում:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ պետության կողմից հատկացված գումարի տրամադրումը բխում է ոլորտում իրականացվող ռազմավարական ծրագրերի ապահովման անհրաժեշտությունից. «Պրոֆեսիոնալ բալետային հատակի ձեռքբերումը կնպաստի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովմանը, ազգային, դասական պարարվեստի բնագավառում նոր բեմադրությունների և ծրագրերի իրականացմանը, օպերայի և բալետի ազգային ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը: Պետությունը բոլոր հնարավոր միջոցները ներդնում է, որպեսզի ապահովվի օպերային և բալետի թատրոնի ներկայացումների բարձր որակը: Նոր ենթակառուցվածքների ապահովումը կարևոր է՝ արտերկրում մեր բալետային բեմադրությունների ներկայացման բարելավման, ինչպես նաև արտերկրից հյուրախաղերի եկած արտիստների և բալետային խմբերի անխոչընդոտ և բարձր մակարդակով ելույթների իրականացման առումով։ Բոլոր ջանքերը պետք է ներդնենք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Հայաստանի այցեքարտը դարձնելու ուղղությամբ: Այս ամենի համատեքստում անչափ կարևորում եմ նաև կադրային ճիշտ քաղաքականությունը Երևանի պարարվեստի պետական քոլեջի երիտասարդ պարողների մասնագիտական գործունեության խթանման, մասնագիտական զարգացման, դեպի մեծ բեմ նրանց մուտքի ապահովման տեսանկյունից»:

Նախարարի տեղակալը շնորհավորել է բալետային խմբի անդամներին այս կարևոր իրադարձության կապակցությամբ՝ մաղթելով ստեղծագործական հաջողություններ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի տեղեկացմամբ՝ հատակածածկույթը ձեռք է բերվել բալետային 2 փորձասենյակների և բեմահարթակի համար. «Եվրոպական «Harlequin Liberty» ապրանքանիշի այս հատակածածկույթը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

«Հատակը, որ մենք արդեն ունենք, հնարավորություն կտա նաև բալետային ներկայացումներով ճամփորդել ՀՀ տարածքում: Կավելանան մեր մարզային շրջագայությունները, և այժմ կկարողանանք մարզերի մեր հանդիսատեսին հնարավորություն ընձեռել վայելելու բալետային ներկայացումներ»,- նշել է Կարեն Դուրգարյանը:

Թատրոնի գլխավոր բալետմայստերի պարտականությունները կատարող Ռուբեն Մուրադյանի խոսքով՝ բալետային հատակի ձեռքբերումը կարևոր է դերասանների անվտանգ մասնագիտական գործունեության ապահովման առումով, այն նաև կնպաստի նրանց կատարողական տեխնիկայի արդյունավետության բարձրացմանը և լիարժեք հնարավորություն կտա անկաշկանդ կատարել տեխնիկապես բարդ վարժություններ՝ հանդիսատեսին ներկայանալով բարձր պատրաստվածությամբ։