Օրբելի եղբայրների տուն-թանգարանն օրերս կազմակերպել էր գիտաժողով՝ նվիրված հնագետ, արևելագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 137-ամյակին:

Գիտաժողովի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել մեծանուն գիտնականի հիշատակին, քննարկել վերջինիս գիտական գործունեության այն բնագավառները, որոնք քիչ են հայտնի հանրությանը։

Գիտաժողովի շրջանակում ներկայացվել է ականավոր արևելագետ, գիտնական, Էրմիտաժի տնօրեն, Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու բացառիկ վառ անհատականությունն ու նրա բացառիկությունը: Զեկույցները վերաբերել են Օրբելու ամենալայն գիտական հետաքրքրություններին, որոնք ներառում էին ուրարտական տարեգրությունները, հայկական ժողովրդական էպոսը և միջնադարյան առակները, հայկական ճարտարապետությունը, Սասանյան թագավորության մշակույթը, համաշխարհային արվեստի գլուխգործոցների փրկությունը և շատ ավելին:

Գիտաժողովի շրջանակում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Հայկ Հակոբյանը, Օրբելի եղբայրներ տուն-թանգարանի տնօրենի պարտականությունները կատարող Մարիամ Օհանյանը, թանգարանի հիմնադիր տնօրեն, ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը։

Գիտաժողովին ներկա էին գիտահետազոտական կենտրոնների, թանգարանի հետ համագործակցող տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։