Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ:

Նրանք շրջայց են կատարել համալսարանում, ծանոթացել կրթական գործընթացին և նորարարական ծրագրերին։

Այցի ընթացքում տրվել է նոր նախաձեռնության մեկնարկ, որի շրջանակում բացվել է պանելային քննարկումների հարթակը: Վերջինիս առաջին հյուրը և բանախոսը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Տնտեսական զարգացումը՝ որպես պետական շահ» թեմայով:

Այցի ընթացքում գործարկվել է Digital info system-ը, որը տեղեկատվական ցանց է՝ միտված համալսարանի տարածքում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն: Այն ուսանողական և դասախոսական հանրույթին կտրամադրի արագ մուտքի հնարավորություն ակադեմիական ռեսուրսներին՝ խթանելով համալսարանական կյանքի մասին տեղեկատվության հասանելիությանը։ Digital info system համակարգում տեղեկատվությունը ներկայացվելու է երեք դասակարգումներով՝ ըստ գույների. կարմիրը՝ հրատապ, կանաչը՝ տեղեկատվական, իսկ դեղինը՝ նախատեսվող միջոցառումների մասին ներկայացվող տեղեկություններ։

Բացվել է նաև «Հանրային խոսքի լսարան»-ը: Այս հարթակը նախատեսված է հանրային ելույթների կազմակերպման համար: Այն կնպաստի ուսանողական հանրույթի հաղորդակցման հմտությունների և քննադատական մտածողության զարգացմանը:

Ուսանողների և դասախոսների արտալսարանային աշխատանքների կազմակերպման համար համալսարանում ստեղծվել են տեխնիկապես հագեցված խորհրդակցական ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների սենյակներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան խմբային կամ անհատական հանդիպում-քննարկումներ ունենալ։

Համալսարանում ստեղծվել են նաև «AI/VR բիզնես աջակցության կենտրոնը» և «DTL թվային վերափոխման լաբորատորիան»: Առաջինը ծառայելու է արհեստական բանականության տրամադրած հնարավորությունները բիզնես գործունեության ոլորտում օգտագործելու համար հարթակի ստեղծմանը: Երկրորդը կիրառվելու է ուսուցման գործընթացում` արդի տեխնոլոգիաների և արհեստական բանականության հնարավորությունների ներդրման շնորհիվ ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Միջոցառմանը ներկա են եղել համայնքի ղեկավարներ, Գյումրիի տարբեր բուհերի ռեկտորներ, ուսանողադասախոսական կազմի և գործարար միջավայրի ներկայացուցիչներ: