ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թ. ընթացքում իրականացնելու է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ. ապրիլի 3-ը ներառյալ:

2024 թվականի ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում նախատեսվում է կազմակերպել 50 հանդիպում-դասախոսություն, որոնց ընթացքում կներկայացվեն հայ արդի արվեստագետներն ու մշակութային գործիչները։ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների ընտրությունը կկատարվի հաշվի առնելով աշակերտների տարիքային խմբերի հետաքրքրություններն ու առանձնահատկությունները։ Հանդիպումները կզուգորդվեն շնորհանդեսներով, երաժշտական կատարումներով, ստեղծագործությունների հատվածային դիտումներով, գրական ընթերցումներով։ Հանդիպումների վերջին մասը կտրամադրվի հարցուպատասխանին, ինչը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը։

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը՝ մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ: Խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը արվեստի բնագավառներում, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, ընդլայնել արվեստի ոլորտներում աշակերտների ճանաչողության սահմանները։

Արվեստագետների ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցի միջոցով:

Հանդիպումներն անցկացվելու են հանրակրթական դպրոցների դահլիճներում:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրին մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝

  • Արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները
  • Արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում
  • Արվեստագետի ներդրումը բարձրարժեք երկերի ստեղծման, արվեստի զարգացման, մշակույթի ոլորտում ակտիվ գործունեության ծավալման
  • Արվեստագետի ավանդը երիտասարդ սերնդի ձևավորման գործում
  • Արվեստագետի պետական պարգևներն ու պատվավոր կոչումները
  • Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ քաղաքացիություն ունեցող արվեստագետները:

Նշենք, որ մրցույթի արդյունքում ընտրվելու է 50 արվեստագետ:

Հայտաձևը (կցված է) անհրաժեշտ է ուղարկել qoarvestydprocum@gmail.com էլեկտրոնային հասցեին: Հարցերի դեպքում զանգահարել՝ (+374) 95-11-22-92 Հռիփսիմե Ալեքյանին: