ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը:

Նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի տարեկան հաշվետվության քննարկումն էր և 2024 թ. Տեսչական մարմնի ստուգման գործընթացում փորձարկվող նոր գործիքակազմի ներկայացումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կրթության տեսչական մարմնի կողմից նախաձեռնված գործիքակազմի և մեթոդաբանության լավարկման աշխատանքները՝ նշելով, որ դրանք պետք է ամբողջապես ընդգրկեն նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական կրթության ոլորտները, քանի որ ընթացող բարեփոխումները նույնպես ներառում են կրթության բոլոր ուղղությունները։

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի խոսքով՝ իրավական համապատասխան կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումներն առավել ամբողջական պատկեր կապահովեն ուսումնական հաստատությունների գործունեության որակի, մասնավորապես՝ չափորոշիչների կատարման նկատմամբ վերահսկողության առումով։ Ստեղծվող գնահատման սյունակաշարերի՝ ռուբրիկների կիրառումը ուսումնական հաստատության ռիսկայնության որոշման գործընթացը կդարձնի առավել խորքային, իսկ ստուգման արդյունքների՝ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված սկզբունքների հետ կապը հնարավորություն կտա որոշելու ուսումնական հաստատության գործունեության և ոլորտում պետական քաղաքականության համապատասխանության աստիճանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ուսումնական հաստատություններում ստուգումների համապատասխան արդյունքները հիմք կհանդիսանան քաղաքականության մշակման համար։

Այս համատեքստում կարևորվել է նմանօրինակ հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը՝ վերահսկողական և քաղաքականության մշակման աշխատանքներն առավել սինխրոնացնելու համար։