ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 15-րդ փառատոնը։

Փառատոնի շրջանակում մարտի 14-28-ը կներկայացվեն 20-րդ դարի մեծանուն և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Տեղեկացնենք, որ մարտի 14-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել իտալացի թավջութակահար‚ հեղինակավոր մրցույթների դափնեկիր‚ այդ թվում՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր Էտտոռե Պագանոն: Անվանի թավջութակահարը ներկայացրել է Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը։ Համերգի ընթացքում հնչել են նաև Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից‚ որը կոմպոզիտորը նվիրել է Կոմիտասի 100-ամյակին‚ Վաչե Շարաֆյանի Սյուիտը «Երկրորդ Լուսինը» բալետից՝ 10 մասից։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Ռուբեն Ղազարյանը։

Մարտի 19-ին կայանալիք համերգին ելույթ կունենա շեփորահար Սելինա Օտտը։ Նա ունկնդրին կներկայացնի Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը‚ որը շեփորի համար գրված աշխարհում ամենահայտնի ստեղծագործություններից է։ Կկատարվեն նաև Ալեքսանդր Հարությունյանի Տոնական նախերգանքը սիմֆոնիկ նվագախմբի համար և Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մարտի 28-ի համերգը կրում է «Մարդու ճակատագիրը» խորագիրը. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Վահագն Վարդանյանի Պրելյուդ, պասակալիա և ֆուգա սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործությունը‚ Արամ Սաթյանի «Մակբեթ» սիմֆոնիկ պոեմը‚ Ջոն Տեր-Թադևոսյանի Սիմֆոնիա թիվ 2-ը՝ «Մարդու ճակատագիրը» (ըստ Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» պատմվածքի)։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ալեքսանդր Հումալան։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է. այն անշեղորեն հետևում է 20-րդ դարի և ժամանակակից հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը։

Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից են հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: Փառատոնի գոյության ընթացքում թվայնացվել են ավելի քան 90 հայ կոմպոզիտորների շուրջ 100 մեծակտավ ստեղծագործություններ, ձայնագրվել են շուրջ 300 երաժշտական երկեր, իրականացվել են մեծ թվով պրեմիերաներ։