ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունն ու գրանցված հաջողությունները:
«Ուրախալի է, որ հայաստանյան փորձն օրինակելի է համարվում մի շարք պետությունների համար: Նախորդ տարի «Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվեց և փոխանցվեց ՀՀ կառավարությանը, իսկ հոկտեմբերին Հայաստանը մասնակցեց Փարիզում անցկացված «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին գլոբալ համաժողովին: Սա շատ կարևոր նախաձեռնություն էր, որը թույլ տվեց մասնակիցը դառնալու այս գործընթացին և կիսելու մեր փորձը՝ ուսումնասիրելով նրանցը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ՄԱԿ-ի ՊՀԾ-ի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Հայաստանին՝ ծրագրի ամբողջական ազգայնացման կապակցությամբ՝ շեշտելով, որ Հայաստանն ունի «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է՝ աշխատանքներ են տարվում 2025-26 ուսումնական տարվա մեկնարկին Երևանի դպրոցները ևս «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու հնարավորության շուրջ, ինչը թույլ կտա մեծացնել շահառու երեխաների թիվը:
ԿԳՄՍ նախարարը նշել է՝ 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1075 դպրոցների 1-ից 4-րդ դասարանների հազարավոր երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ընդ որում՝ շահառուների թիվը մեծացել է, քանի որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար դպրոցահասակ երեխաներ են ընդգրկվել ՀՀ մարզերի դպրոցներում: Առաջին իսկ օրերից լուծվել է տարրական դասարանների երեխաների սննդի հարցը, և այժմ նրանք մյուս աշակերտների հետ միասին տաք և առողջ սնունդ են ստանում:
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ սկզբնական շրջանում որոշ դպրոցներում տաք սննդով են ապահովվել նաև ավելի բարձր դասարաններում սովորող ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս կարևորել է «Դպրոցական սնունդ» կոալիցիային Հայաստանի անդամակցությունն ու ընդգծել՝ Հայաստանում ծրագրի իրականացման հաջող փորձը հետաքրքրություն է առաջացրել նաև բազմաթիվ այլ երկրների շրջանում: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Փարիզում անցկացված «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին Գլոբալ համաժողովի ընթացքում առաջարկվել է նաև համագործակցության ձևավորում տեղական ինքնակառավարման մակարդակում, մասնավորապես՝ Միլանի և Երևանի քաղաքապետարանների միջև:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությանը՝ ընդգծելով դրա շարունակականության ապահովման կարևորությունը: