Մարտի 15-17-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը:

Մրցումային վերջին օրվա արդյունքներով Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են դարձել Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):

Արծաթե մեդալներ են նվաճել Արեն Իսրայելյանը (79 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), իսկ բրոնզե` Մենուա Յարիբեկյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ):

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էին դարձել ևս 5 քաշային կարգերի հաղթողները: Հայաստանի հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել և պատվո հարթակի առաջին աստիճանին էին կանգնել Մանվել Խնձրցյանը (61 կգ) և Արման Մուսիկյանը (65 կգ):

Արծաթե մեդալակիրներ էին դարձել Հելբերտ Սահակյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անուշավան Բարսեղյանը (70 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (74 կգ):

Բրոնզե մեդալները նվաճել էին Հայկ Գասպարյանը (57 կգ), Արման Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Նարեկ Հարությունյանը (74 կգ):

Լյովա Վարդանյանին նվիրված միջազգային 3-րդ հուշամրցաշարին 9 երկրի՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իտալիայի Մ23 տարեկան ավելի քան 140 ազատոճային ըմբիշներ են մասնակցել: