«Արմենպրես» մամուլի ակումբում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացվել են մշակույթի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումներն ու նոր նախագծերը: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը:

Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը

Ներկայացնելով «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ դրա մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» կատարմամբ, ինչպես նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով։

«Այսպիսով՝ առաջին անգամ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ կարգավորող հիմնական մայր օրենք, որը չափազանց սպասված էր և կարևոր: Այն կարգավորում է թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, ՀՀ թանգարանային հավաքածուի ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները»,- նշել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ օրենքով ամրագրվում են լիազոր պետական մարմնի լիազորությունները, թանգարանների աշխատողների իրավունքներն ու պարտականությունները, թանգարանային կրթության իրավական հիմքերը և մի շարք այլ լիազորող նորմեր: Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ օրենքից բխելու են մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք ավելի մանրամասն կկարգավորեն տվյալ ոլորտը:

«Օրենքի ընդունմամբ կապահովվեն մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը: Օրենքի նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը երկար ուսումնասիրել ենք այս ոլորտում համաշխարհային փորձը, ինչպես նաև «ԹԱՅԵՔՍ» տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում քննարկումներին ներգրավել եվրոպացի մեր գործընկերներին»,- ընդգծել է բանախոսը:

«Մշակույթի հիմնադրամ». կբարձրանա ոլորտի արդյունավետությունն ու հանրահռչակումը

Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է նաև Կառավարության որոշմամբ վերջերս ստեղծված «Մշակույթի զարգացման հիմնադրամին»: Նրա խոսքով՝ հիմնադրամի ստեղծման դրույթն ամրագրված է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, ինչպես նաև «ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում»։

«Շատ կարևորում ենք այս հիմնադրամի գործունեությունը. դրա ստեղծման դրդապատճառներից մեկն այն է, որ երբ գույքագրում էինք ոլորտի խնդիրները, հասկացանք, որ դրանցից մեկը ոլորտի հանրահռչակումն է: ՀՀ մշակութային ժառանգությունը շատ հարուստ է, և երբեմն այն ներկայացնելու արդյունավետ ճանապարհներ են պետք: Հետևաբար, հիմնադրամի միջոցով կմեկտեղվի մարքեթինգային գործունեությունը, և այն կիրականացվի ավելի կենտրոնացված: Երկրորդ դրդապատճառը թանգարանների ոլորտում կառավարման մոդելի փոփոխությունն է. հիմնադրամը կիրականացնի կազմակերպավարչատնտեսական գործառույթները՝ այսպիսով բեռնաթափելով թանգարանների ծանրաբեռնվածությունը: Եվ երրորդը՝ կիրականացվի հաշվապահական գործառույթի պատվիրակում. այն կկատարվի մեկ տեղից՝ գործընթացը դարձնելով առավել թափանցիկ և արդյունավետ»,- ընդգծել է փոխնախարարը:

Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ ակնկալվում է, որ այս ամենի արդյունքում ոլորտում կարձանագրվեն ավելի բարձր արդյունավետություն, առավել մեծածավալ աշխատանք և ոլորտի հանրահռչակում:

Միջազգային հեղինակավոր փառատոների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչները կստանան դրամական խրախուսում

Շարունակելով «Մշակույթի զարգացման հիմնադրամի» գործառույթների վերաբերյալ Ալֆրեդ Քոչարյանի միտքը՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տեղեկացրել է, որ շուտով կներկայացվի նաև ժամանակակից արվեստի ոլորտում հիմնադրամի գործունեությունը:

Փոխնախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող նոր ծրագիրը՝ դրամական խրախուսում կտրամադրվի միջազգային հեղինակավոր փառատոների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին: «Խրախուսումը կհատկացվի 1 տարով՝ ամսական շուրջ 200 հազարից մինչև 800 հազար ՀՀ դրամի չափով», - ասել է Դանիել Դանիելյանը՝ մասնավորեցնելով, որ դասակարգվել է 150 փառատոն 7 ոլորտի համար՝ երաժշտարվեստ, պարարվեստ, թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, մշակութային ժառանգություն և գրականություն:

Ըստ նախարարի տեղակալի՝ ընտրության շատ բարձր չափանիշներ ունեցող հեղինակավոր փառատոներ կան, որոնց միայն մասնակցությունը բավական է լինելու, որպեսզի դրանց մասնակցած ՀՀ քաղաքացիները լինեն դրամական խրախուսում ստացողների ցանկում:

Նախարարի տեղակալը զուգահեռ է անցկացրել սպորտի ոլորտում հատկացվող դրամական խրախուսման հետ և նշել, որ մշակույթի ոլորտում դասակարգումն ու համակարգումն ավելի դժվար է: «Մենք աշխատել ենք ոլորտային միությունների, բուհերի և միջազգային ֆեդերացիաների հետ, որոնք այդ փառատոներին աջակցում են և քաջատեղյակ են դրանցից: Այդ համագործակցությամբ ընտրել ենք 150 փառատոն. այս ցանկը կարող է ընդլայնվել և փոփոխվել», - ասել է բանախոսը՝ նշելով, որ վերջին տարիներին ասիական երկրներում ևս զարգանում է փառատոնային ոլորտը, և դրանց մասնակցելն ու հայկական մշակույթը ներկայացնելը ևս շատ կարևոր է մեր երկրի համար:

Ծրագրի շահառու կարող են լինել 2024 թվականի հունվարի 1-ից հեղինակավոր փառատոներին մասնակցած անձինք: Նրանք ունեն 12 ամիս ժամանակ, որպեսզի նախարարություն ներկայացնեն փառատոնին մասնակցությունը և գրանցած արդյունքը հավաստող հայտը և այդ պահից սկսած՝ 12 ամիս ստանալ դրամական խրախուսումը:

Դանիել Դանիելյանի խոսքով՝ ոլորտի գործիչների համար այս նախաձեռնությունը եղել է շատ սպասված: Այս առիթով նա մատնանշել է իր հանդիպումները օպերայի և բալետի երիտասարդ կատարողների հետ ու արձանագրել, որ արդեն իսկ ավելացել է միջազգային մրցույթների մասնակցելու շահագրգռվածությունը: Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ ծրագիր ունի՝ միջազգային մրցույթների և փառատոների մասնակիցներին ճանապարհածախսի աջակցության տրամադրում:

Դանիել Դանիելյանը ներկայացրել է նաև, թե խրախուսման համակարգն ինչպես է գործելու, երբ շահառուն ոչ թե մեկ անձ է, այլ խումբ. «Այս պարագայում գումարը տրամադրում ենք կառույցին, և վերջինս է որոշում՝ ինչպես բաշխել կամ ինչին հատկացնել այդ գումարը»:

Անդրադառնալով այն հարցին, թե նախկինում տարվա կտրվածքով քանի հաջողություն է գրանցվել միջազգային փառատոներում՝ նախարարի տեղակալը նշել է, որ հաշվարկները մոտավոր են, բայց խրախուսման ծրագրի շրջանակում նախնական որոշվել է 11 տեղ հատկացնել անհատներին և 2 տեղ՝ խմբերին: «Իհարկե, եթե տարվա ընթացքում ավելի շատ դափնեկիրներ ունենանք, նրանք ևս կընդգրկվեն ծրագրում»:

Դանիել Դանիելյանը նաև տեղեկացրել է, որ այս պահին արդեն նախանշված է ծրագրի երկու շահառու, որոնք, սակայն, դեռ հայտը չեն ներկայացրել: Դասակարգված գումար կստանան «Ամերիկացի» և «1489» ֆիլմերի ստեղծագործական թիմերը:

Թատրոնի միջազգային օր. ԿԳՄՍՆ նոր նախաձեռնությունը

Խոսելով Թատրոնի միջազգային օրվա մասին՝ փոխնախարարը ներկայացրել է մարտի 14-ին պաշտոնապես հայտարարված «Թատերական շաբաթ» ծրագիրը:

«Սա աննախադեպ իրադարձություն է, քանի որ նախկինում նմանօրինակ ծրագիր չի եղել: Մարտի 25-ից 31-ը Հայաստանի բոլոր պետական թատրոնները ներառված կլինեն այս միջոցառմանը: Ծրագրի թիրախային խումբը դպրոցականներն են. միջոցառումների մեծ մասը նախատեսվում է ցերեկվա ընթացքում: Լինելու են ընթերցումներ, վարպետաց դասեր, էքսկուրսիաներ հետնաբեմում և այլն: Ամեն թատրոն առաջարկում է իր ծրագիրը. անհրաժեշտ է պարզապես ծանոթանալ ծրագրի ցանկին, գրանցվել և մասնակցել»,- ներկայացրել է բանախոսը և շեշտել, որ երեխաները ծրագրին կարող են մասնակցել նաև ընտանիքների հետ: