ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ ուղղված արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ ստեղծելուն:

«Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024/2» մրցույթին կարող են մասնակցել 2-5 անդամ ունեցող գիտական խմբերը՝ արտերկրից գիտնականի ղեկավարությամբ: Խմբերը պետք է ներկայացնեն հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից ու իրագործելի նախագիծ, որի տևողությունը 60 ամիս է։

Խմբի ղեկավար կարող են լինել 1974թ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճանը 2004թ հունվարի 1-ից հետո ստացած անձինք, որոնք մրցույթի հրապարակմանը նախորդող 4 տարվա ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չեն ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում։

Խմբի մյուս անդամները կարող են լինել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, սակայն, նախագծի իրականացման ընթացքում թե՛ խմբի անդամները, թե՛ ղեկավարը պետք է բնակվեն ՀՀ-ում՝ հանդիսանալով ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ։

Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989թ հունվարի 1-ից հետո և կարող են լինել առնվազն բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ:

Խումբը նաև պետք է ունենա գիտական աստիճան ունեցող, նախագծին առնչվող մասնագիտությամբ արտերկրի որևէ հետազոտական կազմակերպությունում գիտահետազոտական աշխատանքով զբաղվող արտասահմանյան գործընկեր, որի համահեղինակությամբ պետք է լինի որպես նախագծի վերջնարդյունք ներկայացված հրապարակումներից առնվազն մեկը։

Միաժամանակ, նախագծի իրականացման ողջ ժամանակահատվածում գործընկերը պետք է գումարային առնվազն 25 օր գտնվի ՀՀ ընդունող կազմակերպությունում և գումարային առնվազն 25 օր իր գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներին։ Գործընկերոջ համար վարձատրություն նախատեսված չէ։

Նախագծի իրականացման ընթացքում՝ մինչև 24 ամիսը լրանալը, խմբի անդամների ընդգրկմամբ կազմակերպությունում ձևավորվում է նոր գիտական ստորաբաժանում (խումբ, լաբորատորիա, բաժին), որտեղ հայտում ընդգրկված աշխատակիցների գումարային աշխատաժամանակի տևողությունը պետք է լինի առնվազն շաբաթական 120 ժամ։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնում է խմբի ղեկավարը irf-armenia-2024.hesc.am առցանց համակարգի միջոցով։ Վերջնաժամկետը 2024թ հունիսի 14-ն է՝ Երևանի ժամանակով 18:00-ն:

Մինչև 2024թ հունիսի 21-ը ներառյալ կազմակերպության ներկայացուցիչը մեկ ընդհանուր փաթեթով առձեռն Կոմիտե է ներկայացնում կազմակերպության ներկայացրած բոլոր հայտերին վերաբերող փաստաթղթերը (աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-13:00 և 14:00-18:00, Օրբելի եղբայրների 22, 9-րդ հարկ, 906 սենյակ):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից (հեռախոս՝ +37410 210 140 (*108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@hesc.am):

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)