ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Դիմոքրասի ինթերնեշնլ» (Democracy International) միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիզբեթ Զոնեվելդի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Ծրագրի նպատակն է բարելավել խոցելի խմբերի պայմանները՝ իրավական կարգավորումների, բարելավված ծառայությունների, պետության, ՀԿ-ների և մասնավոր ոլորտի հետ ակտիվ համագործակցության միջոցով։

«Դիմոքրասի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիզբեթ Զոնովելդին ընդգծել է՝ ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը խոցելի խմբերի համար ներառման, սոցիալական պաշտպանության և հզորացման ծառայությունների բարելավումն է: Առաջնային նպատակ է, որ սոցիալական պաշտպանության էկոհամակարգն ունենա խոցելի բնակչության, այդ թվում՝ երեխաների, երիտասարդների, բռնի տեղահանված քաղաքացիների կարիքները հասկանալու մեխանիզմներ և տրամադրի համապատասխան ռեսուրսներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ նախարարության աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների բացահայտմանը, քաղաքացիական կրթության զարգացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը: Արթուր Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է մարզաբնակ երիտասարդների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման և քաղաքացիական կրթության հնարավորությունների ընդլայնումը: Այս առումով նախարարության կողմից իրականացվող ծրագրերից նա առանձնացրել է երիտասարդական կենտրոնների հիմնումը և դրա շրջանակում հնարավոր համագործակցությունը՝ ընդգծելով, որ դրանք հանդիսանում են նաև խոցելի խմբերի երիտասարդներին ծառայությունների մատուցման կենտրոններ։

«Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 25 երիտասարդական կենտրոն. արդեն ունենք գործող 4-ը՝ ՀՀ տարբեր մարզերում: Կենտրոնների նպատակն է նպաստել մարզաբնակ երիտասարդության ներուժի բացահայտմանը, համակողմանի զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը: Երիտասարդական կենտրոնը լինելու է այն միջավայրը, որտեղ երիտասարդները կարող են հանդիպել և քննարկել իրենց հուզող հարցերը, նոր գաղափարների իրագործման ճանապարհները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ մարտի վերջին համանման կենտրոնների բացում է նախատեսվում Արագածոտնի մարզի Ապարան և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:

«Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի ղեկավարը բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության նախաձեռնողականությունն ու շարունակական աշխատանքները կրթական և երիտասարդական ոլորտներում իրականացվող բարեփոխումներում և դիտարկել համագործակցության հնարավորություններն ինչպես երիտասարդական կենտրոնների ստեղծման, այնպես էլ կրթության և մշակույթի ոլորտներում խոցելի խմբերի ներգրավմանն ուղղված միջոցառումներում:

Նշենք, որ ծրագրի արդյունավետ իրականացման համար նախատեսվում է ստեղծել Բազմաոլորտ խորհրդատվական մարմին (ԲԽՄ)՝ կազմված պետական, մասնավոր և հասարակական ոլորտի կառույցների ներկայացուցիչներից: