ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է մարզական լրագրողների հետ և ամփոփել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգի փոփոխությունների շուրջ քննարկումները:

Կարգում նախատեսվող փոփոխությունների նախնական տարբերակը մշակվել է՝ հաշվի առնելով նաև մարզական լրագրողների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական դիտարկումները:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի՝ 50 մլն դրամ մրցանակային ֆոնդը կմնա անփոփոխ: Կսահմանվեն նոր անվանակարգեր, որոնց հաղթողները կստանան 5-ական մլն դրամ՝ առանց հարկերի և տուրքերի: Մեկ անվանակարգի՝ «Հանդիսատեսի համակրանքի» դեպքում, որի հաղթողը կորոշվի էլեկտրոնային բաց քվեարկությամբ, որպես մրցանակ կսահմանվի հուշանվեր:

Կսահմանվեն նաև հետևյալ անվանակարգերը, որոնք նախատեսում են դրամական պարգևատրում՝

  • «Լավագույն եռյակ» (եռյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5-ական մլն դրամ)
  • «Լավագույն կին մարզիկ»
  • «Հաշմանդամային սպորտով զբաղվող լավագույն մարզիկ»
  • «Լավագույն երիտասարդ մարզիկ»
  • «Լավագույն թիմ»
  • «Լավագույն վերադարձ / հայտնություն»
  • «Լավագույն մարզիչ»
  • «ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ»

Ընդ որում՝ մարզիկը կարող է ընդգրկվել միայն մեկ անվանակարգում՝ բացի «Հանդիսատեսի համակրանքից»:

Քվեարկությունը կանցկացվի փակ, գաղտնի ձևաչափով: Քվեարկությանը կմասնակցեն միայն մարզական լրագրողները: Ընդ որում՝ հավակնորդների ցանկում սահմանափակումներ չեն նախատեսվում:

Նախատեսվում է մրցանակաբաշխությունն իրականացնել յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, երբ բոլոր մրցաշարերն արդեն ավարտված կլինեն:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգի վերջնական տարբերակը կշրջանառվի մեկամսյա ժամկետում: