Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Արվեստի գործերի տեղափոխում և տեղադրում» խորագրով երկօրյա աշխատաժողովը:

Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին տրամադրել մշակութային արժեքների տեղափոխության պայմանակարգերի, գնահատման ընթացակարգերի, արտահանման և ներմուծման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ փորձագիտական համալիր գիտելիքներ՝ ներառյալ արվեստի գործերի փաթեթավորում, տեղադրում, փոխադրում, ապահովագրություն, մաքսազերծում, պահեստավորում և այլն: Գործնական աշխատարանի շրջանակում ներկայացվել է նաև արվեստի գործերի փաթեթավորման ընթացքը:

Գիտագործնական դասընթացի կազմակերպիչներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ArtNexus-ը (Շվեդիա), Կատապուլտ աքսելերացիոն ծրագիրը:

Ծրագրին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության աշխատակիցները, նախարարության ենթակայության թանգարանների ֆոնդապահները, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներին ներգրավված այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը և «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Եսթեր Աբրահամյանը:

Աշխատաժողովի ավարտից հետո բոլոր մասնակիցներին տրամադրվել են մասնակցության վկայականներ:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նախագծվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից 2022 թ. գարնանը` «Ստեղծարար Հայաստան»-ի հետ համագործակցությամբ: Եռամյա ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսության աջակցումը: