ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 5-9-ը կազմակերպում է Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի նպատակն է քննարկել սփյուռքում հայկական կրթօջախների կրթության առկա հիմնահարցերը, սահմանել նպատակները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման, նպատակներին հասնելու հաջորդական քայլերը:

Խորհրդաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել կրթական քաղաքականության և ռազմավարության հետ առնչություն ունեցող քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումներ: Կրթական քաղաքականությունն ու ռազմավարությունը ներկայացվելու է լիագումար նիստերում կամ նեղ տարածաշրջանային կլոր սեղանների ձևաչափով քննարկումների ժամանակ: Մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումները ներկայացվելու են ոլորտային մասնախմբերում:

Խորհրաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել.

  • Սփյուռքում կրթության և դաստիարակության ոլորտում պետական քաղաքականությունը, ռազմավարական գերակայությունները, նպատակները, թիրախները.
  • Նպատակներին հասնելու ռազմավարական և մարտավարական քայլերը.
  • «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից բխող գործողությունների շրջանակը և նպատակադրումները.
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սփյուռքի կառույցների հետ համագործակցության ձևաչափերը և հեռանկարային հնարավորությունները.
  • Սփյուռքում կրթության և դաստիարակության գործի կազմակերպման, կրթական միջավայրի ձևավորման ուղղությունները.
  • Մանկավարժական մոտեցումների, նպատակների և խնդիրների վերհանում.
  • Ծրագրային, ուսումնամեթոդական և դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային պաշարների, գործընթացի իրականացում.
  • Կրթական տեխնոլոգիաների վերլուծություն, դասավանդման մեթոդների համադրում:

Խորհրդաժողովում քննարկումների թեմաների և զեկույցների հետ կապված՝ սփյուռքի կրթության և դաստիարակության ոլորտում գործող մարմինների, կազմակերպությունների և անձանց առաջարկություններն ակնկալվում է ստանալ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը: Առաջարկությունների հիման վրա մշակված աշխատանքային ծրագիրը և օրակարգը կներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը՝ խորհրդաժողովին մասնակցելու հայտ ներկայացրածներին:

Լիագումար նիստերում ելույթի տևողությունը պետք է չգերազանցի 15 րոպեն, իսկ մասնախմբերում` 20 րոպեն: Խորհրդաժողովը գումարվում է հիմնականում բաց հրավերի ձևով, և դրան կարող է մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների մեկական ներկայացուցիչ: Թեմական և ուսումնական խորհուրդները, կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական և համայնքային կազմակերպությունները, հաստատությունները, ըստ նպատակահարմարության, կարող են հանդես գալ երկուսից ավելի ներկայացուցիչներով: Մասնակցելու համար պետք է լրացնել կից ներկայացված հայտը և այն փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մաշկույթի և սպորտի նախարարություն մինչև 2024թ. հուլիսի 15-ը (կցվում է) ներքոնշյալ էլեկտրոնային հասցեներով:

Գիտագործնական զեկույցների հարցում նախապատվությունը տրվելու է նորարարություններ և գործնական առաջարկություններ պարունակող զեկույցներին: Ակնկալվում է, որ զեկույցների առաջարկությունների հետ միասին հեղինակները 2 էջի սահմաններում ներկայացնեն զեկույցի սեղմագիր: Խորհրդաժողովի արդյունքում մեկ ամսվա ընթացքում ձևավորվում է հոդվածների ժողովածու, որը կհրապարակվի գիտական մամուլում, ինչպես նաև կտեղադրվի www.lib.armedu.am կայքի «Սփյուռք» բաժնում:

Խորհրդաժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տվյալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջև քննարկման նյութ կարող են դառնալ նաև աշխատանքային ծրագրում չընդգրկված և տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրականորեն ազդել տվյալ երկրում կամ տարածաշրջանում հայեցի կրթության և դաստիարակության գործի կազմակերպման վրա:

Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանձնելու է մասնակիցների կեցության և սննդի ծախսերը (խորհրդաժողովի սկիզբն ու ավարտը համարվում են ծրագրով նախատեսված առաջին և վերջին միջոցառումները): Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:

Մասնակցության հայտերի պարզաբանումների, հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին.

Հասցե՝ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սենյակ 603, հեռ.` 374 10 599-647, էլ. փոստ` secretariat@escs.am, karen.mnatsakanyan@escs.am, amalia.kocharyan@escs.am, ruzanna.hambardzumyan@escs.am: