​​

  1. Մանկավարժական աշխատողը տարակարգի շնորհման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով։
  2. Մանկավարժական աշխատողը դիմումը լրացնելիս նշում է նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տվյալները, տարիքային խումբը, որում աշխատում է տվյալ ուսումնական տարում և տարակարգի աստիճանը, որի համար դիմում է: Դիմումի վերջում գրում է. «Կից ներկայացնում եմ ուղարկվող փաստաթղթերի և նյութերի ցանկը» նախադասությունը և դրանից հետո թվարկում ներկայացվող փաստաթղթերի անվանումները: Դիմումի տարբերակը ներկայացվում է ՀԱՎԵԼՎԱԾ-ում:
  3. Մանկավարժական աշխատողը ներկայացվող բոլոր փաստաթղթերը հավաքում է էլեկտրոնային թղթապանակներում։ Յուրաքանչյուր թղթապանակ կրում է այն բնութագրիչի համարը, որով մանկավարժական աշխատողը դիմում է տարակարգի շնորհման համար: Այդ թղթապանակում տեղադրվում են տվյալ բնութագրիչով պահանջվող համապատասխան նյութերը: Այլ անվանումներով թղթապանակները չեն դիտարկվելու։
  4. Նախադպրոցական կրթական հիմնական (փորձարարական) ծրագրերով աշխատող հաստատությունների մանկավարժական աշխատողներն իրենց թղթապանակների բովանդակությունը ներկայացնում են փորձարկվող ծրագրերի պահանջներին համապատասխան:
  5. Նախադպրոցական կրթական համալիր ծրագրերով աշխատող հաստատությունների մանկավարժական աշխատողներն իրենց թղթապանակների բովանդակությունը ներկայացնում են համալիր ծրագրերի պահանջներին համապատասխան:
  6. Տեքստային նյութերը ներկայացվում են .doc կամ .docx ձևաչափով։
  7. Նկարները ներկայացվում են jpeg կամ png ձևաչափով։
  8. Տեսագրությունները ներկայացվում են ամբողջական՝ MP4 ձևաչափով։
  9. 1-ին բնութագրիչով դիմելու դեպքում մանկավարժական աշխատողը ներկայացնում է տեղեկանք այն կազմակերպությունից, որում ներգրավված է որպես վերապատրաստող: Տեղեկանքում նշվում է վերապատրաստումների իրականացման ժամանակահատվածը և ծրագրային այն բաժինը, որը վարել է մանկավարժական աշխատողը:
  10. 2-րդ բնութագրիչով դիմելու դեպքում մանկավարժական աշխատողը ներկայացնում է ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկը կամ ուսումնաօժանդակ նյութը երաշխավորելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը:
  11. 3-րդ բնութագրիչով դիմելու դեպքում մանկավարժական աշխատողը ներկայացնում է վերջին հինգ տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը:
  12. 4-րդ բնութագրիչի «գ» ենթակետով դիմելու դեպքում ֆիզհրահանգիչը և երաժշտության դաստիարակը ներկայացնում են բոլոր այն տարիքային խմբերի համար երեք ամսվա ընթացքում կազմած ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը, որոնցում աշխատում են տարակարգի շնորհման համար դիմելու պահին և նախորդ վեց ամսվա ընթացքում իրենց մոտ կատարված պարապմունքների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների, լսումների արձանագրությունները:
  13. 5-րդ բնութագրիչը պարտադիր է տարակարգի շնորհման համար դիմող դաստիարակների, ֆիզհրահանգիչների և երաժշտության դաստիարակների համար: Նշված բնութագրիչով դիմելու դեպքում մանկավարժական աշխատողը ներկայացնում է տարակարգի համար դիմելու օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի կամ մեկ պարապմունքի և մեկ խաղ-զվարճալիքի պլանավորում և տեսագրություն: Տեսագրության հետ ներկայացվող պլանավորման մեջ հստակ ներկայացված պետք է լինի պարապմունքի/խաղ-զվարճալիքի սկիզբը, ընթացքը և ավարտը: Մեթոդիստները կարող են տարակագի շնորհման համար ընտրել այս բնութագրիչը:
  14. 6-րդ բնութագրիչով դիմելու դեպքում մանկավարժական աշխատողը ներկայացնում է տվյալ ուսումնական տարում մշակված անհատական ուսուցման և զարգացման պլան (այսուհետ՝ ԱՈՒԶՊ), կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԶԱՊԿ) ունեցող սաների կրթության և զարգացման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն (առկայության դեպքում):
  15. 7-րդ բնութագրիչով դիմելու դեպքում նախադպրոցական կրթական հիմնական (փորձարարական) ծրագրերով աշխատող հաստատությունների մանկավարժական աշխատողները ներկայացնում են տվյալ ուսումնական տարում համապատասխան տարիքային խմբի բոլոր սաների զարգացման և կրթության արդյունքի գնահատման ընթացքը հավաստող փաստաթղթեր՝ ըստ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի պահանջների:
  16. 7-րդ բնութագրիչով դիմելու դեպքում նախադպրոցական կրթական համալիր ծրագրերով աշխատող հաստատությունների մանկավարժական աշխատողները ներկայացնում են տվյալ ուսումնական տարում համապատասխան տարիքային խմբի բոլոր սաների զարգացման և կրթության արդյունքի գնահատման ընթացքը հավաստող այն փաստաթղթերը, որոնք կիրառվում են իրենց հաստատություններում:
  17. Ներկայացված ձևաչափին չհամապատասխանող փաթեթները չեն դիտարկվելու։